Մեր մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերություններին ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ․ Աբդոլահիանը հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին
 |factor.am|
14:01 - 28 դեկտեմբերի, 2023

Մեր մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերություններին ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ․ Աբդոլահիանը հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին |factor.am|

factor.am: Այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նախօրեին Երևանում Կապույտ մզկիթում հանդիպել է ՀՀ-ում բնակվող մի խումբ իրանցիների, հայտնում է IRNA գործակալությունը։

«Հայաստանը մեր տարածաշրջանի քաղաքակրթության մի մասն է։ Մեր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին տակտիկական, ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ։ Հայաստանի վարչապետի հետ այսօրվա հանդիպմանը մենք մանրամասն քննարկել ենք այս հարցը»,-ասել է Աբդոլահիանը՝ նշելով, որ Էբրահիմ Ռաիսիի կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները զարգացման միտում են գրանցել։

«Մենք Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրուցել ենք քաղաքական և դիվանագիտական հատվածի խնդիրների մասին, իսկ անվտանգության խնդիրների մասին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցի արդյունքը վկայում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Մենք օրակարգում ունենք Թեհրանի և Երևանի միջև համապարփակ և երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի մշակումը։ Այս փաստաթուղթը ամուր ճանապարհային քարտեզ կլինի հարաբերությունների ընդլայնման համար»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Երևանում Աբդոլահիանը բանակցություններ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել