1lurer.am: Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ոլորտի բարեփոխումներին, որոնք նախատեսվում են իրականացնել 2024 թվականին:
«Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած, «մի քանի տեղ փոխող» տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս, նաև 1-2 այլ տոմսի տեսակներ: Այսինքն՝ տոմսի տեսակն է փոխվում, այլևս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ հաճախակի օգտվողը տրանսպորտից մեկանգամյա տոմս երբևէ չի գնելու, բազմանգամյա օգտագործման տոմսեր է գնելու»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ որոշակի արտոնություններ են պատրաստվում սահմանել տարբեր խավերի երևանցիների համար:
Ըստ քաղաքապետի՝ մի քանի քաղաքների փորձ է ուսումնասիրվել բարեփոխումներն իրականացնելու համար, և փաթեթները դեռ քննարկման փուլում են:
«Երկարաժամկետ տոմսային պրոդուկտների դեպքում մարդը տարբերություն չի տեսնելու օգտագործման առումով, այսինքն՝ մարդիկ, որոնք հաճախակի են օգտվում [տրանսպորտից], էական չի լինելու տարբերությունն իրենց համար»,- ասաց նա:
comment.count (0)