Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նախարարը եղել է արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։
Սուրեն Պապիկյանը շրջել է նաև առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարարը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է նվերներով։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։
comment.count (0)