ԱՆԻՖ-ը տեղեկացնում է, որ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։
«Ինչպես հայտնի է, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ` նրան տնօրենների խորհրդի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում։
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է: Պարոն Լուչիոլան նույնպես ստեղծման օրվանից եղել է ԱՆԻՖ- ի տնօրենների խորհրդի անդամ, աջակցել է Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրերի իրականացմանը։
Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուի և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը։
2019-ից ի վեր ԱՆԻՖ-ը տնօրենների խորհրդի և ղեկավար կառույցի հիմա արդեն նախկին կազմով իրականացրել է մի շարք ռազմավարական ծրագրեր, այդ թվում` այս պահին Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագիրը՝ ԱՄԷ Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» -ը, և էյր Արաբիայի հետ համատեղ՝ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը։
Մինչ օրս ԱՆԻՖ- ի իրականացրած ծրագրերի համառոտ նկարագրությունը՝ թվերով.
Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավում՝ ընդհանուր առմամբ 84,6 մլրդ դրամ ծավալով (09.11.2023 փոխարժեքով) կամ 210 մլն ԱՄՆ դոլար որից `
Ֆլայ Արնա` 10 մլն ԱՄՆ դոլար,
ԱՅԳ-1` 200 մլն ԱՄՆ դոլար,
Ներքին շուկայում ներդրումներ (ՆՇՆ) «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ծրագրի միջոցով 2021-2023 թթ.՝ 7,8 մլրդ դրամ` ԱՆԻՖ-ի կողմից ուղղակիորեն ներդրված գումար,
900 մլն դրամ` մասնավոր գործընկերների կողմից համաներդրված գումար, 1,931 մլրդ դրամ՝ առևտրային բանկերից ներգրավված գումար:
Վճարված հարկեր 2021-2022 թթ.՝ 837 մլն դրամ:
Վճարված հարկեր 2023թ. 9 ամիսներին՝ 3,3 մլրդ դրամ,
Վճարվելիք հարկեր 2023-2024 թթ.՝ 8,9 մլրդ դրամ (ներառյալ 2023թ. 9 ամիսներին փաստացի վճարված հարկերը),
Ստեղծված աշխատատեղեր՝ 800-ից ավելի,
Միջին աշխատավարձ՝ ԱՆԻՖ-ի ստեղծած ծրագրերում 2023թ. դրությամբ՝ 558 հազ դրամ, երբ ՀՀ միջին աշխատավարձն է՝ 263 հազ. դրամ:
Ներդրումների ներգրավման համակարգային լուծում՝ ARFI (Armenia Financed) աշխարհում առաջին առցանց պետական քրաուդինվեսթինգի հարթակի ստեղծում, որը համակարգային ձևով լուծում է սփյուռքից հայրենիք նեդրումների կայուն հոսք ապահովելու խնդիրը:
1,76 մլրդ դրամ (մոտ 4,5 մլն դոլար) զուտ հաշվապահական շահույթ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։
ԱՆԻՖ-ի հեռացող տնօրեն Դավիթ Փափազյանն ասել է. «Ինձ համար պատիվ էր ղեկավարել Հայաստանի նորաստեղծ ինքնիշխան ֆոնդը հիմնադրման օրվանից՝ 2019-ից ի վեր։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացել են մեր առաքելությանը, մեր տեղական և միջազգային գործընկերներին, բոլոր նրանց, ումից այս շփումների ընթացքում շատ բան եմ սովորել և այդ գիտելիքը ինձ հետ տանելու եմ իմ հաջորդ աշխտանքային փուլ։ Էկոնոմիկայի նախարարությանը մաղթում եմ հաջողություն՝ իրենց հանձնված ժառանգության վրա ավելին կառուցելու գործում»,- ասված է հաղորդագրությունում:
comment.count (0)