civilnet.am: Հռոմի ստատուտի վավերացումը և դրանից հետո նոր օրենսդրության մշակումը Հայաստանի քննչական մարմիններին հնարավորություն կտա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առնչությամբ հետաքննություններին ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների։ Այդ մասին հունվարի 8-ին՝ 2023-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայատարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
«Մեր նախաքննական մարմինները, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների, որոնք գալով Հայաստան և ծանոթանալով փաստաթղթերին՝ մասն են դառնում այդ վարույթների։ Այս դեպքում Հայաստանը հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ և ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ»,- ասել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն ուսումնասիրել է տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի փորձը, սկսել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը, որը պետք է ընդունվի Հռոմի ստատուտի վավերացումից հետո։
«Առաջին քայլը [Հռոմի ստատուտի վավերացումից հետո] նոր օրենսդրության մշակումն է՝ միջազգային փորձագետների հետ աշխատելով։ Այս գործընթացի մեկնարկը տրվել է։ Այսինքն, վավերացումից հետո իրավական նորմատիվ ակտեր կան, որոնք մենք պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ Ռուսաստանից հնչող մտահոգություններին ի պատասխան՝ հայկական կողմը նշում է, որ դրանով ՀՀ-ն կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։
Միջազգային քրեական դատարանը 2023-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայկական կողմը հակադարձել է, որ «ձերբակալման մասին խոսք չի գնում»։ Հայկական կողմը ռուսներին առաջարկել է նաև ստորագրել երկկողմ համաձայնագիր, որը երաշխիքներ կստեղծի անհանգստությունների համար։
comment.count (0)