Ինչու է փոխվել ANIF-ի ղեկավար կազմը․ Քերոբյանի պատասխանը
 |civilnet.am|
17:41 - 09 հունվարի, 2024

Ինչու է փոխվել ANIF-ի ղեկավար կազմը․ Քերոբյանի պատասխանը |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ղեկավար կազմի փոփոխությունները պայմանավորված են Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կողմից իրականացրած ստուգումներով: Հունվարի 8-ի ասուլիսում՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

1,5 ամիս առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը կառավարող Վահան Քերոբյանը ANIF-ի տնօրենների խորհրդից հեռացրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նրա աշխատակազմի նախկին անդամներ Սոնա Թևանյանին և Անետա Բաբայանին։ Իսկ հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է Տիգրան Ղազարյանը, նա ֆոնդի աշխատակիցներից էր։ Ղազարյանը գործարար է, ունի զբոսաշրջային ընկերություններ։

Անցած տարվա մայիսին Սիվիլնեթը էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ է արձանագրել ANIF-ում՝ կապված հաշվետվողականության, թափանցիկության, կորպորատիվ կառավարման հետ։ Հիմնադրամը նաև հայտնել էր, որ ANIF-ն ունի ըստ էության չորոշակիացված անսահմանափակ մանդատ, հստակ չափանիշներ չկան, թե որտեղ կարող է ներդրումներ իրականացնել ֆոնդը, որտեղ չի կարող կատարել ներդրումներ։

ANIF-ում 2023-ին ուսումնասիրություններ է անցկացրել նաև Պետական վերահսկողական ծառայությունը։ Դրա արդյունքների մասին տվյալներ սակայն դեռ չկան։ Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է հայտնաբերվել ֆոնդում ՊՎԾ-ի ստուգումներով․ «Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատականներ տալ, խոստանում եմ մի փոքր անց այդ կոնկրետ գնահատականները կտամ, որովհետև հիմա չունենք ամբողջական տեղեկատվություն, այդ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունն էլ հուսամ կբարձրանա»,- ասաց նա։

Վահան Քերոբյանը անցած ամիս չէր հաստատել նաև ANIF-ի 2022-ի տարեկան հաշվետվությունը։ Ըստ նրա՝ հաշվետվությունը չէր արտացոլում ֆոնդի իրական ֆինանսական դրությունը. «Մենք այնուամենայնիվ համարել ենք, որ աուդիտի արդյունքները ճշգրիտ չեն արտացոլել ընկերության իրական վիճակը ու դիտողություններ ենք ուղարկել ANIF-ի մենեջմենթին։ Դրանից հետո կոլեգիալ որոշում է կայացվել, որ պիտի փոփոխություններ լինեն ANIF-ի մենեջմենթում»,- նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ֆոնդի մանդատի փոփոխություն էլ է եղել, ֆոնդն իր ջանքերը պետք է կենտրոնացնի տնտեսապես բարդ ապրանքների արտադրության ու արտահանման ուղղություններում։ Նախկինում պետական ֆոնդի կողմից իրականացրած ներդրումներին, սակայն, ոչինչ չի սպառնում, այն մնալու է ANIF-ի պորտֆելում։

«Մեր նպատակն այն է, որ ANIF-ը լինի բյուրեղյա մաքրության ու թափանցիկության ընկերություն»,- ասաց Վահան Քերոբյանը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2021-ից մինչև 2022-ի վերջը կառավարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությանը պատկանող բաժնետոմսերը։ Ֆոնդը համասեփականատեր է նաև «Ֆլայ Արնա» ավիաընկերությունում, համատեղ արևային էլեկտրակայան կառուցելու ծրագիր է իրականացնում «Մասդար» ընկերության հետ։ ANIF-ը համատեղ ծրագիր է իրականացրել նաև հայտնի գործարար Դավիթ Երեմյանի հետ՝ 500 000 դոլարի չափով ներդրում կատարելով բարձրորակ անասնակեր աճեցնելու և գյուղտեխնիկա ձեռք բերելու ուղղություններով։ Երեք տարվա ընթացքում ֆոնդի հետ համատեղ կատարվել է 214 միլիոն դոլարի ներդրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել