Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում․ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
22:48 - 09 հունվարի, 2024

Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում․ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ:

«Չափազանց կարևոր է իրավասու պետական մարմինների կողմից նման գործերով արդյունավետ քննության իրականացումը, ինչպես նաև համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ու այդ նպատակով ամբողջական և պատշաճ կառուցակարգերի գործարկումը։

Այս հանգամանքը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընդգծվել է բազմիցս, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ։

Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ ոլորտում առկա, այդ թվում՝ ԶՈՒ կարգապահությանն առնչվող խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:  Ժամեր անց` 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել