Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը

 |factor.am|
18:16 - 12 հունվարի, 2024

Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը |factor.am|

factor.am: «GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված է, որ Մարետա Գևորկյանը Շվեյցարիայի մշտական բնակիչ է, բայց ունի նաև ՀՀ քաղաքացիություն։


Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։ Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։

Ուշագրավ է, որ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։ Փաստորեն, այդ նվիրատվությունից ավելի քան կես տարի անց հայտնի է դառնում ընկերությանը առանց մրցույթի Երևանի կենտրոնում տարածք տրամադրելու մտադրության մասին։ Անդրադառնալով «GreenRock Management Group» ընկերությանը՝ նշենք, որ այն հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին՝ Մարետա Գևորկյանի կողմից Երևանին գումար փոխանցելուց շուրջ 4 ամիս առաջ։

Նշենք, որ Մարետա Գևորկյանը տիրապետում է «GreenRock Management Group» ընկերության 100 տոկոս բաժնեմասին, որի կանոնադրական կապիտալը 50 միլիոն դրամ է։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել