Պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի քանդմանը. Ավինյան |news.am|
10:40 - 15 հունվարի, 2024

Պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի քանդմանը. Ավինյան |news.am|

news.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունվարի 15-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ եղան վերջին օրերին:

«Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես դրա փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն, բուն ծրագիրը առաջին հերթին վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են՝ տարածքը դարձնելով հասանելի կանաչ տարածք՝ նորարարական լուծումներով:

Ես ինքս դեռ 1996-ից մինչև 2022 թթ. «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնակյան նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի»,- ասաց նա:

Ավինյանի խոսքով թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլոր անձանց, որոնք պարապում են այնտեղ, բայց, վստահաբար, թենիսի ակումբի համար տեղակայման դիրքը այդքան էլ կարևոր չէ:

«Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն՝ պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին, իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցրին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ՝ չի ստացվի»,- նշեց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել