civilnet.am: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 16-ին գրել է, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը իր ցեղասպանության թանգարանից։ Նշվում է, թե իբր դրա մասին հայտնել է ֆրանսիական մամուլը։
Օրաթերթը մանրամասնել է, թե դեռ 2022-ին ԱԺ նախագահի «գլխավորած պատվիրակությունը» պաշտոնական այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Տեղեկությունը արտատպել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ՝ News.am, Lragir.am, Yerevan.today, Tert.am, Yerkir.am, 7or.am,
mamul.am,auroranews.am. 1-in.am և այլ լրատվական կայքեր։
Օրաթերթի հրապարակումից ժամեր անց տեղեկությունը հերքել է հենց ինքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնելով, որ «կյանքում Ռուանդայում չի եղել»։
2022-ին հոկտեմբերին ԱԺ պատվիրակություն իրոք մեկնել է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի․ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։
Ըստ փաստաթղթի՝ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցություններից պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանը և այլն։ Այս կամ այլ պատվիրակության կազմում, սակայն, Ալեն Սիմոնյանի Ռուանդա գործուղման մասին տեղեկատվություն առկա չէ։
Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ հրապարակումից հեռացրել է ԱԺ նախագահի այցի կամ պատվիրակությունը գլխավորելու վերաբերյալ պնդումները, սակայն նյութում խմբագրված լինելու վերաբերյալ հիշատակում առկա չէ։ Մինչդեռ այլ կայքերում դեռևս շարունակում է մնալ հին տարբերակը։
Ֆրանսիական Le Point շաբաթաթերը հունվարի 14-ի իր հրապարակման մեջ չի հիշատակել ո՛չ Ալեն Սիմոնյանին, ո՛չ էլ 2022-ին ԱԺ պատվիրակության այցը Ռուանդա, ինչպես նշվում է «Ժողովուրդ» օրաթերթի վերնագրերում։
Ընդհակառակը, Le Point-ը հայտնում է, որ 2004-ին հիմնադրված՝ ցեղասպանությանը նվիրված Կիգալիի հուշահամալիրից Հայոց ցեղասպանության մասին պատմող պատը հեռացվել է Ռուանդայի և Թուրքիայի միջև 2015-ի ապրիլին կնքված համաձայնագրի արդյունքում։ Նշվում է, որ այդ համաձայնագրով Թուրքիան խոստացել է մի շարք ենթակառուցվածքներում ներդրում անել, սակայն պայման է դրվել, որ Հայոց ցեղասպնությանը նվիրված պատը պետք է հեռացվի։
Թե ե՞րբ են կոնկրետ հեռացվել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները՝ չի նշվում։
#CivilNetCheck-ի հետ զրույցում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ղեկավար Էդիտա Գզոյանը հայտնեց, որ Ռուանդայի հուշահամալիրից Հայոց ցեղասպանության մասին պատմող պատը 2018-ին արդեն հեռացված է եղել։
«Հայոց ցեղասպանությանը նվիրված պատը 2014-ին դեռ տեղում է եղել և 2018-ից արդեն այն հանված էր։ Թանգարանի պատճառաբանությունը սկզբում այն էր, որ այդ պատը թրջվում է, վերանորոգում է ընթանում և դրա համար են հեռացրել, սակայն հետագայում պարզվեց, որ իրական պատճառը թուրքական կողմի ճնշումներն են»,- հայտնեց Գյոզոյանը։
Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։
comment.count (0)