Կառավարությունը հաստատեց ԵՄ-ին անդամակցելու նախագիծը և ուղարկեց ԱԺ
 |civilnet.am|
11:47 - 09 հունվարի, 2025

Կառավարությունը հաստատեց ԵՄ-ին անդամակցելու նախագիծը և ուղարկեց ԱԺ |civilnet.am|

civilnet.am: Կառավարության 2025-ի առաջին նիստին՝ հունվարի 9-ին, հաստատվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Այն ուղարկվեց Ազգային ժողով։

Այս նախաձեռնությունը մեկնարկել է «Ժողովրդավարական ուժերի հարթակը»։ Այն միավորում է արտախորհրդարանական չորս քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Եվրոպական և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները, ինչպես նաև մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախաձեռնությունը, սակայն շեշտեց, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն Եվրոպական Միությանը։

«Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով իր նախկին հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։

Ըստ Փաշինյանի՝ այս նախագծով «ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու»։ Նա նաև հիշեցրեց, որ վիզաների ազատականացման մասով պետք է քայլեր ձեռնարկել, քանի որ, ըստ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպանատներում ՀՀ քաղաքացիների մեծ հոսքեր են ձևավորվել, ինչը դժգոհությունների է հանգեցնում։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնում նախագծի վերաբերյալ՝ ելնելով մի քանի հանգամանքներից։

«Նախ՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ձևավորել, որոնք ունեն հարուստ բովանդակություն և ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Եվրոպական միությունը տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը»,- ասաց Միրզոյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ապահովման գործում։ Խոսքը քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին է։

Կառավարությունը նաև որոշ առաջարկներ ուներ առավելապես իրավական տեխնիկայի տեսանկյունից։ Առաջարկել են ժամկետներ սահմանել ու խմբագրական փոփոխություններ կատարել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։

«ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում։ Վավեր ստորագրությունները կազմել է 52 351»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել