«Հանրային ձայն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես նախորդ հայտարարությամբ հայտնել էինք 09.01.2024թ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, հիմք ընդունելով կանոնադրության 3.8.5 կետը, այն է ( կուսակցության անդամի անդամությունը դադարում է այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում), դադարեցված է համարել Վարդան Յուրիկի Ղուկասյանի` կուսակցության անդամակցությունը։ Այսօր լիազոր մարմինը գրանցել է 09.01.2024թ. Հանրային ձայն կուսակցության խորհրդի որոշումները ըստ որի դրանք մտել են օրինական ուժի մեջ։
Այդ որոշումներով «Հանրային ձայն» կուսակցությունը ունի հետևյալ կազմը` Կուսակցության անդամներ 2867 հոգի Կառավարման խորհուրդ։ 18 հոգի Կառավարման Խորհրդի ղեկավար Արտակ Գավրուշայի Գալստյան Խորհրդի որոշումներից հետո բլոգեր Վարդան Ղուկասյանը եթերով, իսկ այնուհետ սոցիալական կայքերով հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունից, որ իբր վերջիններս 19 հունվարի 2024թ. ժամը 18։00-ին հրավիրել են կուսակցության համագումար և հրավիրել է մարդկանց հավաքի։
«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել հերքող հայտարարությամբ, սակայն ունենք մտավախություն որ որոշակի չիրազեկված մարդիկ կարող են այնուամենայնիվ հայտնվեն շփոթության մեջ և գնան հավաքի։ Այս առումով հայտարարում ենք , որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը համագումար չի հրավիրել, կազմակերպված հավաքի հետ առնչություն չունի, հավանական սադրանքների, հակօրինական, ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ չի հանդիսանում տվյալ հավաքի կազմակերպիչ։
Ինչպես նաև հաղորդում ենք ներկայացրել ՀՀ իրավապահներին այն մասին, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունը օգտագործելով, այն էլ այն անձի կողմից, որն այլևս առնչություն չունի կուսակցության հետ, նման հավաք կազմակերպելը իր մեջ առերևույթ պարունակում է ինքնիրավչության հանցակազմ և քրեորեն պատժելի է, և անհրաժեշտ է ձեռք առնել համապատասխան միջոցներ ապօրինի հավաք կազմակերպող բլոգերի ՀՀ ում գտնվող աջակիցներին բացահայտելու և հավաքի եկած քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը ապահովելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, թե դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում։ Որպես հիմք նշվել էր Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու փաստը։
Ավելի ուշ Վարդան Ղուկասյանը արձագանքել էր՝ պնդելով, որ այդ խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։ Ղուկասյանը նաև հայտնել էր, որ կուսակցության հիմնադրման ժամանակ, երբ Արտակ Գալստյանը թղթերը տարել է Պետական ռեգիստր և գրանցել «Հանրային ձայնը», այդ ժամանակ ինքը եղել է ՌԴ քաղաքացի։
Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև ավագանու «Հանրային Ձայն» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ «Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել որևէ նիստի կամ համագումարի, ինչպես նաև՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման։
comment.count (0)