Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ հայտարարել է, որ ավագանիում քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին
09:30 - 31 մարտի, 2025

Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ հայտարարել է, որ ավագանիում քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով Գյումրու ավագանին ձևավորող 5 ուժերից 2-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքը (5-րդ տեղում է) և «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը  (4-րդ տեղում է), հայտարարել են, որ միանում են Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։

Վերջինիս քաղաքապետի թեկնածուն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել մյուս ընդդիմադիր ուժերին ևս «անձնական ամբիցիաներից վեր կանգնել» և միանալ։

«Իմ Հզոր Համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ գրել է. «Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:
Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել  Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է»:

Նշենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել