«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն
11:25 - 18 հունվարի, 2024

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց ընդունել «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100% 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% համարժեք՝ 12 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը որպես նվիրատվություն։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Որոշումը կայացվեց համաձայն ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023թ․ փետրվարի 22-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանմքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։

«Ծրագրի արդյունավետ իրագրոծման համար ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի ներդրումներ։

Ծրագրի շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկիրց ազդակիր համայնքներին, բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։

Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել Լիդիան ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց Կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,- հարցը զեկուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Վայքը և Սիսիանը։

«Ամուլսարի հանքի շահագործումը այս մոդելով, կարծում եմ, բազմաթիվ մտահոգություններ փարատում է, և լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար։ Եվ մենք հույս ունենք, որ իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, և կառավարությունը՝ արդեն նաև որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել