Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հիմնադրման 32-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով
12:01 - 18 հունվարի, 2024

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հիմնադրման 32-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  հիմնադրվել է 1992 թ. հունվարի 18-ին. այս կապակցությամբ ուղերձով է հանդես եկել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«32 տարի առաջ, երբ հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանում ֆուտբոլը կառավարող մարմնի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ դժվար թե պատկերացնեին ինչպիսին կլինի հայկական ֆուտբոլը 3 տասնամյակ հետո։ Ֆեդերացիայի հիմնադրումն իրականացվել է բարդ պայմաններում, և դա էլ ավելի է արժևորում այս կարևոր իրադարձությունը։

2024 թվականին տարեդարձն առաջին անգամ նշում ենք առանց կառույցի առաջին նախագահի՝ լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի։ Սա ևս մեկ առիթ է հիշելու ու արժանին մատուցելու հայկական ֆուտբոլի լեգենդար գործիչներից մեկին, կարևորելու նրա դերն անկախ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

Այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը բազմաթիվ բարդ խնդիրներ է հաղթահարել, ունեցել է ինչպես անհաջողություններ, այնպես էլ ուրախալի պահեր։ Որպես մարզական կառույց ՀՖՖ-ի առջև մշտապես կանգնած է արդյունքի հասնելու, հայկական ֆուտբոլի դերը միջազգային ասպարեզում բարձրացնելու խնդիրը։ Սակայն այսօր ես ցանկանում եմ ընդգծել ֆուտբոլի՝ առաջին հայացքից ոչ այնքան ակնհայտ նպատակը՝ սոցիալական լայն ներգրավում ապահովելը։

ՀՖՖ-ն, բացի Հայաստանի հավաքականների կողմից մարզական նպատակներին հասնելու խնդրից, պարտավոր է աշխատել մարզաձևի լայն տարածումն ապահովելու, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին գործընթացների մեջ ընդգրկելու, հայաստանյան մարզերում ֆուտբոլի աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ։ Կարևորագույն խնդիր է նաև երեխաների շրջանում խաղի նկատմամբ սերը սերմանելը․ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ շատ քչերն են դառնում, իսկ թիմային ոգին, ընկերությունը, միմյանց փոխօգնության հասնելու հատկանիշները, որոնք կարող են ուսուցանվել ֆուտբոլի միջոցով, երեխաների մոտ ձևավորվում են մարզումների ընթացքում և կարող են նրանց ուղեկիցը լինել ամբողջ կյանքում։

Այսօր, ևս մեկ անգամ ընդգծելով ֆուտբոլի սոցիալական կարևորագույն դերը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին մաղթում եմ անսահման սեր ֆուտբոլի նկատմամբ և բեղմնավոր աշխատանք ֆուտբոլային ոլորտի բոլոր մակարդակներում»,- ասված է ՀՖՖ նախագահի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել