news.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանցի ռազմական խորհրդականների հակաահաբեկչական գործունեությունը կշարունակվի կրկնապատիկ ուժով։
«Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում կակտիվանա»,- գրել է Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Սիրիային իսրայելական հարվածի հետևանքով իրանցի հինգ ռազմական խորհրդականների զոհվելու փաստը։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը «ահաբեկչական շարժումների գլխավոր աջակիցն է և տարածաշրջանային անվտանգության գլխավոր թշնամին» և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 ռազմական խորհրդական։ Ավելի ուշ Թեհրանը հայտարարել է նաև հինգերորդ ռազմական խորհրդականի մահվան մասին՝ հարվածի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով։
comment.count (0)