Պայքարի կոչ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
17:22 - 22 հունվարի, 2024

Պայքարի կոչ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

ՀՀ քաղաքացի Աննա Նիկողոսյանն այսօր առավոտյան անհատական բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ 

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ընդունելու է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծ ներկայացրած «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5%-ը՝ որպես սեփականություն։ Ըստ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործումը այս մոդելով «բազմաթիվ մտահոգություններ է
փարատում»։ 

Այսօր կառավարության շենքի դիմաց իր անհատական բողոքի ակցիան է իրականացրել Աննա Նիկողոսյանը՝ անհամաձայնություն հայտնելով կառավարության որոշմանը և հանքի հնարավոր շահագործմանը։ Աննան կոչ է անում դուրս գալ միանձնյա և կոլեկտիվ պայքարի՝ համախմբվելով Ամուլսարի՝ տարիներ շարունակվող դիմադրության շուրջ։

«Հետպատերազմյան տարիներին շատ ենք լսում «Հայաստանում ակտիվիզմ այլևս չկա», «Փողոցային պայքարը իմաստազրկվել է» արտահայտությունները։ Իրականում, համակարգի դեմ դիմադրությունը միշտ էլ եղել է և կլինի, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարներն անցնում են վերափոխման ու վերաիմաստավորման համեմատաբար լուռ փուլերի միջով»,- ասում է Աննան՝ նշելով, որ ինքն այսօր դուրս միայնակ է փողոց դուրս գալիս ոչ թե այն պատճառով, թե պայքարակիցներ չկան, այլ որովհետև մարել է երկրում որևէ բան փոխելու կոլեկտիվ հույսը․

«Ես դուրս եմ եկել փողոց՝ անձրևի տակ գոռալու, որ ակտիվիզմը մարդի՛կ են, փողոցային պայքարը մարդի՛կ են, իսկ մարդիկ դեռ կան, այստեղ են, ուրեմն մեզնից է կախված, թե ինչ իմաստ կստանա դիմադրությունը, և ինչպիսին կլինի փողոցային պայքարը։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Ամուլսարի հարցով․ ինքնակազմակերպվե՛ք, օգտագործե՛ք բոլոր
հարթակներն ու հնարավորությունները, բարձրաձայնե՛ք, տապալե՛ք միջոցառումները, միացե՛ք միանձնյա ակցիաներին, գտեք կոլեկտիվ դիմադրության ձե՛ր ձևերը»,- ասում է Աննա Նիկողոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել