ԿԳՄՍ նախարարը մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրությունը հեղափոխական է համարում
 |armenpress.am|
14:56 - 24 հունվարի, 2024

ԿԳՄՍ նախարարը մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրությունը հեղափոխական է համարում |armenpress.am|

armenpress.am: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների նախագիծը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն։ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչ բարեփոխումներ են իրականացվելու։

«Մենք վերացնում ենք գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ քոլեջների և ուսումնարանների, որը գործնական որևէ խնդիր չի լուծելու։ Փոխարենը, մասնագիտական կրթության համակարգում կունենանք միայն քոլեջ տեսակը, իհարկե, պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական ուղղություններով։

Նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումն է։ Սրանով նաև ամփոփում ենք վերջին հինգ տարիների Դուալ կրթության փորձարարությունը, և նաև հենց դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձևակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար հիմնական նշանաբանը դարձնել «Աշխատենք՝ սովորելով», «Սովորենք`աշխատելով», կամ` «Աշխատենք և սովորենք»։ Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձևը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կրթության կառավարման և կազմակերպման համար կներդրվի համագործակցության մոդել։

«Օրենքում բարելավվել է ուսումնական հաստատության կազմակերպաիրավական կարգավիճակի հնարավորությունը, որը թույլ է տալիս մասնավոր գործընկերների հետ փորձարկել և իրացնել նոր ձևաչափով համագործակցություն՝ հասնելով համատեղ կառավարման մոդելների»,- ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ օրենսդրական փաթեթով անցում են կատարելու կրեդիտային համակարգի որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին։

«Բացի այդ, նախագծով արմատապես վերանայվել են կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման և վերահսկողության կառուցակարգերը: Դա թույլ կտա, որպեսզի մենք բովանդակային ստանդարտների մասով վստահ լինենք, որ այն կրթությունը, որը իրականացվում է մեր երկրում, համահունչ է միջազգային ամենալավ ստանդարտներին»,- նշեց Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել