Խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել. Փաշինյան
 |1lurer.am|
12:49 - 25 հունվարի, 2024

Խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ Հայաստանի Հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար:

Որոշումը նպատակաուղղված է պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու միջոցով կարգավորել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչը առավել կանխատեսելի կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար:

Քաղաքաշիության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման դեպքում նախատեսել առանձնահատկություն՝ մասնակցի գնային առաջարկը նախահաշվային արժեքից մինչև 10 տոկոսից բարձր լինելու դեպքում մրցույթում հաղթող ճանաչելու համար: «Նշված կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարական շուկայում ստեղծված բարձր մրցակցային իրավիճակով, երբ նկատում ենք մասնավոր շինարարության շատ նկատելի աճ, ինչն իր հերթին առաջացնում է շինարարական աշխատանքների հետ կապված ռեսուրսների և՛ սահմանափակումներ և՛ ռիսկեր: Այս պայմաններում, որպես շուկայի մասնակից և պատվիրատու, սույն փոփոխությամբ առաջարկում ենք ձևավորել մրցակցային ճկունություն և պետական ծրագրերի նկատմամբ պահպանել անհրաժեշտ գրավչություն»,- նշեց նա:

Որպես իրավիճակի տեղեկանք՝ Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց մի քանի թիվ:

«Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի տարածքային զարգացման հիմնադրամի նախորդ տարի դեկտեմբերին կազմակերպված 82 մրցութային կողմնորոշիչ գների սահմաններում հաղթող կարող են ճանաչվել միայն 27 մրցույթի դեպքում, հայտ չենք ունեցել 27 մրցույթի դեպքում, իսկ 34 մրցույթի դեպքում ստացվել են նախահաշվային գնից էապես բարձր առաջարկներ»,- ասաց նա:

«Եթե շատ կարճ ձևակերպենք այս որոշման իմաստը և նպատակը, ապա՝ խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, մենք պետք է արձանագրենք հետևյալը. որ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագիր, համակարգված պրակտիկա 3-րդ հանրապետության պատմության մեջ, ըստ էության, չի եղել: Պետք է քայլենք այս ճանապարհով և հասնենք այն տեղը, որտեղ ուզում ենք: Ամենակարևորը չհուսահատվելն է, չհանձնվելն է: Ես ողջունում եմ, որ նախորդիվ փոխվարչապետը մի առիթով ասաց, որ սա ոչ թե 300 դպրոցի ծրագիր է, այլ սա առաջին 300 դպրոցի ծրագիրն է: Մենք մեր բոլոր դպրոցները պետք է բերենք նույն ստանդարտի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել