Քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից։

Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ից (Վահագն Վերմիշյան-խմբ․) և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1. 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն150 հազար դրամ. 2. 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Այսօր 13:34
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում
 |1lurer.am|

Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում |1lurer.am|

1lurer.am: ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է նաև հստակեցնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակմանը: Առաջարկվում է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաև Կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն: Նախագիծն ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է` ի՞նչ է լինելու այն շենքերի հետ, որոնք նախագծվել են, օրինակ, որպես 10 հարկանի շենք, բայց հետո դարձել 12 հարկանի, արդյոք դա նորմա՞լ է: Իսկ եթե նորմալ չէ, ապա ի՞նչ է արվելու, որ այդ պրակտիկան դադարեցվի: Արմեն Ղուլարյանի խոսքով՝ այդ գործունեությունը նորմալ չէ, և այսօր արդեն այդ պրակտիկան վերացվել է: Նա պարզաբանել է, որ համայնքների, հատկապես Երևանի քաղաքապետարանի հետ այդ խնդիրը կանոնակարգված է, և նման խնդիր այլևս չի կարող լինել, իսկ եթե նախագծից շեղումներ լինեն, ապա միայն անվտանգության կանոնները պահպանելու դեպքում: Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Ելույթ ունենալով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշել է, թե նախագիծը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել նախագծի հապճեպ քննարկումը: Անդրադարձ է եղել նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` կապված շենք-շինությունների մատչելիության հետ: Մասնավորապես, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս հարցի հետ կապված օրենսդրական բացեր չկան, ուստի անհասկանալի է` ինչո՞ւ են համատարած անմատչելի նույնիսկ նորակառույց, նոր հիմնանորոգված կառույցները: Նա հույս է հայտնել, որ բարձրացված խնդիրը կլուծվի այս նախագծի ընդունումից հետո: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձել է գործընկերոջ հնչեցրած տեսակետին և նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փորձագետներն աշխատելու են Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանների հետ և հստակ կարծիք են տալու, թե սահմանադրականության և իրավական այլ հարցերի հետ կապված հակասություններ կա՞ն, թե` ոչ: Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: Եզրափակիչ ելույթում Արմեն Ղուլարյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:
16:26 - 01 մարտի, 2023
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթացել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել են Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության քաղաքականության, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների, կապիտալ շինարարական ծրագրերի, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները: Զեկուցվել է, որ ճարտարապետության և քաղաքաշինության մասով գրեթե 70%-ով լուծվել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը, դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները՝ որպես առափնյա հատվածի գրավչության բարձրացմանն ու քաղաքաշինական կանոնակարգված գործունեությանը միտված միջոցառում։ Ճարտարապետության և քաղաքաշինության մասով մշակվում են միկրոռեգիոնալ փաստաթղթից բխող, բնակավայրերի համալիր զարգացմանը միտված և աճի նոր բևեռների ստեղծման հայեցակարգային փաստաթղթերը։ Նշվել է, որ իրականացվող միջոցառումների շրջանակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ժամկետը թեև նախատեսված էր 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Ըստ զեկույցի՝ ճարտարապետության և քաղաքաշինության մասով ներկայումս մշակվում է հանրապետությունում իրականացվող մեծածավալ կառուցապատման աշխատանքները կանոնակարգող փաստաթղթի՝ տարածքի հատակագծման նախագծի կարգը, որը նպատակաուղղված է բնակավայրերի առաջնահերթությունների հենքի վրա, խնդիրների միասնական լուծմանը միտված ու հանրության կարիքները հաշվի առնող փաստաթղթի կազմմանը՝ բացառելով տեղային-դրվագային լուծումները։ Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև օրենսդրական կարգավորումների հստակեցման ու խստացման ուղղությամբ՝ ներկայումս մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ձևավորված միջավայրին անհարիր միջամտությունները կանխելու և մայրաքաղաքի կենտրոնը գերբեռնումից զերծ պահելու և համաչափ զարգացումն ապահովելու նպատակով։ Ներկայումս ընթացքի մեջ է նորմատիվատեխնիկական համակարգի մշակման, տեղայնացման, արդիականացման գործընթացը: Նշվել է, որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործուներության պետական կարգավորման հիմնական միջոցներից է։ 2022-ին հաստատվել և կիրառության մեջ են դրվել 20 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր: Մշակված նորմերը վերաբերում են կառավարության կողմից գերակա համարվող հետևյալ ուղղություններին՝ քաղպաշտպանական կառույցներ, էներգաարդյունավետության բարձրացում, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հիդրոտեխնիկական և ավտոճանապարհային կառուցվածքներ, անվտանգության տեխնիկան շինարարությունում, այդ թվում՝ շինհրապարակների կազմակերպումը: Ներկայացված միջոցառումների շրջանակում զեկուցվել է նաև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի հաստատման ու կիրառման, քաղաքաշինական ծրագրերում գլխավոր կապալառուի ներդրման հնարավորությունների, շինարարությունում նոր տեխնոլոգիաների, նյութերի ներդրման հնարավորությունների, շենքերի ու շինությունների հուսալիության և սեյսմակայունության բարձրացման նպատակով իրավական հիմքերի ապահովման, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում քաղաքաշինական ծրագրերի իրականացման, կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման մասին: Անդրադարձ է եղել նաև շենքերի ու շինությունների անձնագրավորման համակարգի ներդրման գործընթացին, լիցենզավորման գործընթացի բարեփոխումներին: Ներկայացնելով բնակֆոնդի հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է բնակֆոնդի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը, մշակվել և հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոնները, որոնք ենթակա են կիրառման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար: Անդրադարձ է եղել երկրաշարժից հետո տեղադրված տնակներին, որի մասով Կառավարության մոտեցումները և առաջնահերթություններն ամրագրող որոշումն ընդունվել է: Որոշման համաձայն՝ 2023 թ. կիրականացվեն ցուցակների հաստատման, բյուջետային պլանավորման և ֆինանսավորում չպահանջող աշխատանքների իրականացում: Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն մշակել է նաև Էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են վերանորոգման վարկերի տոկոսադրույքները: 2022 թ. ծրագրի ներքո տրամադրվել է 1245 վարկ, մոտ 2.6 մլրդ դրամ պորտֆելով: Սուբսիդավորման չափը կազմել է 40 մլն դրամ: Կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ 3 տարիների ընթացքում գրանցվել է հատկացումների շուրջ 6-անգամյա աճ և դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են Կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու արդյունքային ցուցանիշներից: Ընդհանուր առմամբ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2022 թվականի ընթացքում համակարգվել են թվով 185 օբյեկտներ՝ 96 շինարարական և 89 նախագծային: 2022-ին ավարտվել են  6 օբյեկտների շինաշխատանքներ՝ 3 դպրոցի, 1 գյուղքոլեջի, 1 հանրակացարանային շենքի, ինչպես նաև 1 բազմաբնակարան շենքի: Ընթացքի մեջ է Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցման ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում: Ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ 2022-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-Permits համակարգի միջոցով: Մշակման փուլում է գտնվում Քաղաքաշինության բնագավառի պետական գործառույթների միասնական հարթակը, որը հասանելիություն է ապահովելու պետական համալիր փորձաքննություն, քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման և հողերի նպատակային նշանակության փոփոխության առցանց համակարգերին։ Պետական համալիր փորձաքննության տրամադրման առցանց համակարգը ներկայումս գտնվում է ծրագրավորման ավարտական փուլում։ 2023 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել համակարգի պիլոտային գործարկում։ Կարգավորվել է կառուցապատումը ժամկետում չավարտվելու դեպքերում կիրառվող տուգանքների չափի որոշման սկզբունքը: Նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման թույլտվությանն առնչվող պահանջները չկատարելու դեպքերի համար: Արդիականացվել է կոմիտեի կայքը, որը ներառում է իր մեջ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի որոնման համակարգ ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի ծրագրերի քարտեզ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետը հավելել է, որ դա կնպաստի քաղաքաշինության ոլորտի ընդհանուր զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև շինթույլտվությունների տրամադրման և մատուցվող մյուս ծառայությունների թվայնացումը: Անդրադառնալով տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերին՝ վարչապետը հատկապես կարևորել է մայթերի և այգիների սալարկումը քարերի միջոցով: «Մեր խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև սողանքային գոտիների կառավարման, հասարակական նշանակության շենք-շինություններում մատչելիության ապահովման նորմերի պահպանման, համատիրությունների գործունեության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
18:12 - 27 փետրվարի, 2023
Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն

 |armenpress.am|

Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները հագեցած են քաղաքաշինական առումով անհարիր շինություններով՝ կյանքի համար վտանգավոր, բնակության համար ոչ մի նորմերի չհամապատասխանող: Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ հաշվառվել է 7200 ոչ հիմնական շինություն: Մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը համայնքները պետք է դրանք ներկայացնեն դասակարգված տարբերակով: Ըստ խմբերի էլ՝ կսահմանվեն աջակցության ուղիները:   «Խմբերը տարբեր են: Դրանցից մեկն այն խումբն է, որ բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու է դարձել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրացրել իր իրավունքը: Այս խմբի ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագիր: Հաջորդ խումբը, որին նույնպես նախատեսված է տրամադրվել բնակարանային գնման վկայագիր, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներն են, որոնք ժամկետներ են բաց թողել աջակցություն ստանալու համար»,-ասաց Տանյա Արզումանյանը: Կան ընտանիքներ, որոնք թեև ունեն սեփականություն, սակայն երկրաշարժի հետևանքով իրենց տները դարձրել են քանդման ենթակա: Մասնագիտական կազմակերպության կողմից համապատասխան եզրակացություն տրամադրելու դեպքում այս ընտանիքները ևս կստանան բնակարանների գնման վկայագիր: Աջակցության հաջորդ տեսակը մեկ սենյակի չափով ֆինանսական աջակցության տրամադրումն է: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց կառավարությունը հնարավորություն է տվել չքանդել տնակը, քանի որ բնակարանային աջակցությունը կորցրածի չափով է, իսկ այս տարիների ընթացքում ընտանիքները դարձել են բազմանդամ: «Հաջորդ աջակցության ձևը վարձակալության համար գումար տրամադրելն է՝ մեկ տարվա կտրվածքով: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք նախորդ տարիներին ստացել են աջակցություն, սակայն կամ հասցեական չեն օգտագործել, կամ ստացված բնակարանը օտարել են: Նրանց կտրվի վարձակալության գումար մեկ տարվա համար, որպեսզի հետո ազատեն տնակը»,-ասաց Տանյա Արզումանյանը: Հաջորդն այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են հայտնվել: Նրանց համար կնախատեսվի սոցիալական բնակարանային ֆոնդ: Աշխատանքները սկսվելու են 2023 թվականից և ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2027 թվականի տարեվերջն է:  
15:00 - 06 դեկտեմբերի, 2022
Աղետի գոտում 5300-ից ավելի ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվել են. պետական ծրագիրն ավարտվում է |armenpress.am|

Աղետի գոտում 5300-ից ավելի ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվել են. պետական ծրագիրն ավարտվում է |armenpress.am|

armenpress.am: Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով իրականացվող պետական ծրագիրը մոտենում է ավարտին: 2008 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք շահառու է դարձել:  «Նշվածից  5391 ընտանիք, նախորդ տարիներին հատկված շուրջ 70 մլրդ դրամի շրջանակում, արդեն լուծել է իր բնակարանային խնդիրը: Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: Նշեմ, որ այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի շրջակայքում նոր գյուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչած ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված»,- այս մասին ասուլիսում նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում են ու դատական կարգով վերականգնում են իրենց իրավունքը: Այն ընտանիքները, որոնք վերականգնում են բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը, նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրի միջոցով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերում 1 սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ուղղակի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով: 2021 թվականին իրավունքները վերականգնած 16 այդպիսի ընտանիք է եղել: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է պետության կողմից տրված գումարը բավարար՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գնային նկատելի տատանումները, Տանյա Արզումանյանը նշեց, որ կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ ֆինանսական հատկացման ժամանակ հիմք են ընդունվում տվյալ պահի շուկայական գները, որոնք ներկայացվում են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
13:13 - 06 դեկտեմբերի, 2022
Հանրապետության բազմաբնակարան շենքերի 3.2%-ը անբավարար տեխնիակկան վիճակում են գտնվում․ Արմեն Ղուլարյան

Հանրապետության բազմաբնակարան շենքերի 3.2%-ը անբավարար տեխնիակկան վիճակում են գտնվում․ Արմեն Ղուլարյան

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի ընդունմամբ կառավարությանը կվերապահվի անվաբարար տեխնիկական վիճակում բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու լիազորություն։ Նախագծի հիմնական զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարրյանն ասաց՝ հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։ «Բազմաբնակարան շենքերի սեփականատարերի կողմից ևս պարտադիր նորմերը չեն կատարվել անհրաժեշտ ծավալով և որակով։ Խնդիրների լուծումն ավելի շուտ կրել է իրավիճակային բնույթ։ Արդյունքում զգալիորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը։ Մասնավորապես, մարզերից և Երևան քաղաքից հավաքագրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք։ Այսինքն՝ առկա տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը։ Հանրապետության բնակավայրերում առկա են նաև քանդման ենթական վթարային չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով»։ Արմեն Ղուլարյանը նշեց՝ ՀՀ-ում ընդունվել և գործում են անբավարար բնակֆոնդի հիմնախնդիրների, ինչպես նաև այդ ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարաբերությունները կարգավորող մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները․ «Թեև ընդունված մի շարք փաստաթղթերի և դրանց համաձայն պետական աջակցությամբ իրականացված զգալի աշխատանքներին՝ հատկապես 2018 թ․-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո հստակեցման և ամրագրման կարիք ունեն խնդրի կանոնակարգման ուղղությամբ պետական քաղաքականության հիմնական մոտեցումները։ Այդ կապակցությամբ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել էանբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը»։ Արմեն Ղուլարյանն ասաց՝ Հայեցակարգի միջոցառումներով և առավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է փոփոխություն լիազորող նորմերի ապահովման մասով, որը հնարավորություն կտա Կառավարությանը՝ սահմանել ուժեղացման, վերակառուցման և քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախդնիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման, վերակառուցման և քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, և բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման,  հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարնային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման կարգերը։
11:49 - 04 հոկտեմբերի, 2022
Քաղաքաշինության կոմիտեում «Արարատցեմենտի» հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը

Քաղաքաշինության կոմիտեում «Արարատցեմենտի» հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը

Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 3-ին կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Արարատի ցեմենտի գործարանի գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանի և լաբորատորիայի վարիչ Զոյա Բալայանի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ներկայիս աննախադեպ ծավալների պայմաններում որակյալ ցեմենտի մեծ պահանջարկի ապահովման հարցերը: Խնդիրը եղել է նաև կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի վերջին նիստի օրակարգում, որտեղ դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները: Ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ խստագույնս հետևում են արտադրանքի որակի պահպանմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել որակի ստուգման նպատակով ցանկացած ժամանակ նաև արտադրությունում կատարել նմուշառում: Հանդիպմանը քննարկվել են նաև գործարանի արտադրական հզորության, պահանջված ծավալների ապահովման և ցեմենտի մատակարարման հետ կապված հարցեր: Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն արտադրողների ուշադրությունը կրկին հրավիրել է որակի վերահսկողության և արտադրական հզորությունների հնարավոր մեծացման վրա: Հանդիպմանը մասնակցել և շինարարների տեսակետն է ներկայացրել նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը»,-ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի:
11:46 - 04 հոկտեմբերի, 2022
«Սուրմալու»-ի պայթյունից մոտ երկու ամիս անց կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել
 |azatutyun.am|

«Սուրմալու»-ի պայթյունից մոտ երկու ամիս անց կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել |azatutyun.am|

azatutyun.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել։ Երևանի քաղաքապետարանն այսօր է սեփականատիրոջը տվել թույլտվությունը, քանդման օրը դեռ որոշված չէ։ Ինչո՞ւ երկու ամիս պահանջվեց թղթաբանությունն իրականացնելու համար, այն դեպքում, որ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իրենք ուղիղ մեկ ամիս առաջ էին եզրահանգել, որ շենքը ենթակա է անհապաղ քանդման։ Իսկ այս ընթացքում՝ երկու շաբաթ առաջ, ուժեղ քամուց փլուզվեց շենքի պատերից մեկը՝ վնասելով 3 անձի։ Եվ միայն այս դեպքից հետո՝ անցած շաբաթավերջին է սեփականատերը դիմել քանդման թույլտվություն ստանալու համար։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը փլուզմանը հաջորդած կառավարության նիստի ժամանակ առաջարկեց քաղաքապետի կողմից շատ արագ քանդման թույլտվություն տրվի և մաքրվի տարածքը՝ սեփականատիրոջ միջոցներով։ «Արագ պետք է մաքրել տարածքն ուղղակի», - ասաց Ղուլարյանը։
13:57 - 03 հոկտեմբերի, 2022
Քաղաքաշինական խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին

Քաղաքաշինական խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին

Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձևավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհուրդ: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես հայտնում են կոմիտեից, ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարները: Խորհրդի մասնագիտական քննարկմանն են դրվելու նաև քաղաքաշինական և ճարտարապետական առումով կարևորություն ներկայացնող քաղաքաշինական օբյեկտների, ճարտարապետական համալիրների ու կառուցապատման նախագծերը: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է համագործակցության նման ձևաչափի ստեղծման նպատակը և խորհրդի աշխատանքների կազմակերպման կարգը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին կարևոր նախաձեռնությանը մասնակից լինելու համար՝ նա ընդգծել է մասնագիտական հանրության անմիջական մասնակցությամբ ոլորտի հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ վերհանելու կարևորությունը: Առաջին նիստի ընթացքում քաղաքաշինական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին: Առաջարկներն ամբողջացնելու նպատակով որոշվել է ժամանակ տրամադրել ներկաներին՝ դիտարկումները գրավոր ներկայացնելու համար: Նշվում է, որ քաղաքաշինական խորհրդի նիստերը լինելու են պարբերական:
18:00 - 06 սեպտեմբերի, 2022
Շուռնուխում 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Շուռնուխում 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը եւ քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն, «այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: Մեկնարկել են նաեւ տների ներքին հարդարման աշխատանքները: Բացի այդ, կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, մեկնարկել են ինժեներական ենթակառուցվածքների եւ պարիսպների կառուցման աշխատանքները: Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր տնատիրության համար կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը: Շրջայցի ժամանակ կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ կոմիտեի պատասխանատուները քննարկել են նախագծային լուծումները, ցուցումներ տվել՝ արձանագրված որոշ թերությունները շտկելու եւ լրացուցիչ աշխատուժ ներգրավելու վերաբերյալ: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում եւ որակով ավարտելու նպատակով: Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլի 26-ին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն կապալի պայմանագրի եւ բյուջետային հատկացումների: Նախատեսվում է թաղամասը շահագործման հանձնել 2022 թվականի չորրորդ եռամսյակում»։  
12:42 - 23 օգոստոսի, 2022
Մեկնարկել են ճանապարհամերձ հատվածներում խաչերի տեղադրման խնդրի կանոնակարգման աշխատանքները

Մեկնարկել են ճանապարհամերձ հատվածներում խաչերի տեղադրման խնդրի կանոնակարգման աշխատանքները

Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։ Նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Հարություն Սեդրակյանի հետ: Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն առանձնացրել և գործընկերների հետ քննարկմանն են ներկայացրել նաև ոլորտին առնչվող իրավական այն ակտերը, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ դաշտը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով: Հանդիպման մասնակիցներն իրենց դիտարկումներով ամբողջացրել են օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ կատարելու նախնական առաջարկը: Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ներառելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ իրագործելու նպատակով: 
17:49 - 22 հուլիսի, 2022
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հիշեցրել, որ մարզահամալիրի կառուցման մասին կառավարության նախորդ նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այսօրվա քննարկման նպատակն է հստակեցնել աշխատանքների հետագա ընթացքը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ կառավարության կողմից Շենգավիթ վարչական շրջանում անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիրի կառուցումը Հայաստանի տարբեր հատվածներում նմանատիպ մարզահամալիրներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես՝ Շենգավիթ վարչական շրջանում մարզահամալիրի կառուցումը թե՛ սպորտի, թե՛ տարածքի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա: Հանդիպման ժամանակ պատասխանատուների կողմից քննարկվել են մարզահամալիրի կառուցման հետ կապված մանրամասներ: Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
15:48 - 21 հունիսի, 2022
ՀՀ-ում 614 վթարային բազմաբնակարան շենք կա, որից 90-ը՝ 3-րդ, 524-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության

ՀՀ-ում 614 վթարային բազմաբնակարան շենք կա, որից 90-ը՝ 3-րդ, 524-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության

Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում մի քանի միջին ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ 2021 թ․-ի փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը առավել բարձր մագնիտուդով էր՝ 4.7։ Երկրաշարժը Երևան քաղաքում զգացվել էր 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Հաջորդ տարի նույն օրը Հայաստանում  5.2 մագնիտուդ ուժգնությաբ երկրաշարժ էր գրանցվել, որը Տավուշում, Կոտայքում, Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկու դեպքում էլ Հայաստանի տարբեր մարզերում փլուզումներ էին գրանցվել[1,2]: Այս ամենի ֆոնին դարձյալ շատ է քննարկվում  Հայաստանի սեյսմիկ անվտանգության թեման։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի տրամադրած տվյալների՝ Հայաստանում կա 614 վթարային բազմաբնակարան շենք, որից 524-ը՝ 3-րդ աստիճանի  վնասվածության, 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության։ ՀՀ-ում ընդհանուր առմամբ կա 19183 բազմաբնակարան շենք։ Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 614 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների 50%-ը տրվել են մինչև 2010թ․-ն, իսկ մնացած մասը՝ 2010-ից հետո։ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերը ենթակա են ուժեղացման-վերականգնման։ 4-րդ աստիճանի վնասվածության շենքերը ենթակա են քանդման, իսկ բնակիչների համար վերաբնակեցման ծրագրեր պետք է իրականացվեն։  Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքրվել ենք՝ արդյոք 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի քանդման պայմաններում իրականացվո՞ւմ են վերաբնակեցման ծրագրեր․ ի պատասխան հայտնել են, որ Կոմիտեի համակարգմամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը․ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվում է բազմաբնակարան շենք։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Աշոտաբերդ թաղամասի 24 փայտյա վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով մեկնարկել են Աշոտաբերդ թաղամասում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները։ Միաժամանակ, 2023-2025 թթ․ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման շրջանակներում Կոմիտեին ներկայացրել է հայտեր այլ վթարային շենքերի մասով ևս, և համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում կմեկնարկեն աշխատանքներ նաև այդ շենքերի մասով։   4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի վերաբնակեցման լայնածավալ ծրագրեր, սակայն, չեն իրականացվել՝ ինչպես տեղեկացրել Կոմիտեն։ Խնդիրների լուծումն ավելի շատ կրել է իրավիճակային բնույթ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից իրականացված մի շարք ծրագրերի շրջանակներում պետական և համայնքային բյուջեներով նախատեսված շուրջ 23 միլիարդ դրամ միջոցների հաշվին վերաբնակեցվել են 36 բազմաբնակարան շենքերի մոտավորապես 1300 բնակարանների և 2700 անհատական բնակելի տների բնակիչներ։ Հարցին, թե ինչու չեն իրականացվել վերաբնակեցման ծրագրեր, Կոմիտեն հիշեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ և 165-րդ հոդվածների դրույթները, որոնց համաձայն՝ իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, ինչպես նաև այդ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։   Բնակֆոնդի ծերացման դեմ ուղղված քայլերը Քաղաքաշինության կոմիտեն, ի պատասխան մեր հարցմանը, մանրամասնել է նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվում բնակֆոնդի ծերացման դեմ։  «Հաշվի առնելով բնակֆոնդի վիճակի բարելավման հիմնախնդիրը միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցների հաշվին լուծելու ոչ իրատեսական լինելու հանգամանքը՝ ՀՀ կառավարությունն անցած տարի հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը»։ Ըստ կոմիտեի՝ Հայեցակարգի հիմնական նպատակը վթարային վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է՝ հայեցակարգերից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով։ Հայեցակարգի նպատակն է նաև հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը։ «Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին։ Այն նաև պետք է խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը կառուցապտաման ներդրումային ծրագրերի շրջանակներում դիտարկելու հնարավորությունը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման համար ներդրումների և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով»։ Դրա հետ մեկտեղ, ըստ կոմիտեի,  կառավարության ծրագրով նախատեսվել է, որ առաջիկա տարիներին Կառավարության ջանքերն ուղղված են լինելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ «Բացի դրանից՝ 2019թ․-ին համապատասխան փոփոխություն է կատարվել համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգում, որով հնարավորություն է ընձեռվել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով, որպես բացառություն, դիտարկել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման հայտերը (պետական աջակցությունը կազմում է 35-60)»։  Նշենք, որ Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքվել ենք նաև, թե քանի վթարային շինություն կա ՀՀ-ում․ պատասխանել են, որ Հանրապետության շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար հավաքագրվում և թարմացվում են՝ հիմք ընդունելով համապատասխան մարզերից, Երևանի քաղաքապետարանից տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող կազմակերպություններից ստացած տվյալները։ Սակայն տվյալներն ամբողջական չեն և մշտապես փոփոխվում են՝ հաշվի առնելով, որ շենքերի և շինությունների սեփականատերերի կողմից տեխնիկական վիճակի հետազննությունները հիմնականում չեն պատվիրվում սահմանված ժամկետներում, իսկ պատվիրվելու դեպքում ոչ միշտ են ներկայացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ։    Նանե Ավետիսյան
10:45 - 06 հունիսի, 2022
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար կառուցապատողը 300 հազար ՀՀ դրամով տուգանվել է

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար կառուցապատողը 300 հազար ՀՀ դրամով տուգանվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկել կառուցապատողին։ Ինչպես հայտնում են Տեսչական մարմնի գրասենյակից, Երևան քաղաքի  Չեխովի փողոց, 20 հասցեում գտնվող ավարտված շինարարական օբյեկտի՝ հասարակական նշանակության շինության առաջին և երկրորդ հարկերի բնակելի տան վերակառուցման, շահագործման ընդունող հանձնաժողովում թեկնածու ընգրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին։                                    Նշված հասցեում Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։  Ըստ այդմ՝ կառուցապատող Ա․ Զաքարյանը ՀՀ օրենսդրությամբ  լիցենզավորման ենթակա համարվող շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով։ Այսինքն, խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Իսկ առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։ Բացի այդ, կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որով խախտվել են  ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15714-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Այդպիսով, հիմք ընդունելով վարչական գործում եղած ապացույցները և հաստատված համարելով կառուցապատող Ա․ Զաքարյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի,  24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ա․Զաքարյանին ենթարկել  է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300 հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
13:46 - 29 մարտի, 2022
Հաշմանդամություն ունեցող անձանց համար 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի |armenpress.am|

Հաշմանդամություն ունեցող անձանց համար 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի |armenpress.am|

armenpress.am: Երևանի 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը նշեց, որ ընտրվել են այն շենքերը, որոնք հանրության համար կարևոր նշանակություն ունեն և այցելուներ շատ են լինում: Մասնավորապես, Երևանի մետրոպոլիտենի կայարանները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Մատենադարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրի շենքերը, երկաթուղային կայարաններ, գերատեսչական տարբեր շենքեր և այլն:   «Խոսքը մեկ կամ երկու խնդրի մասին չէ: Նախատեսվում է համալիր մոտեցում ամբողջ շենքում: Ծրագիրը ենթադրում է և՛ թեքահարթակներ, և՛ վերելակներ, և՛ համապատասխան պայմաններով սանհանգույցներ: Լսողական, տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ապահովելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվելու»,-ասաց Ռուզան Ադամյանը: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը նկատեց, որ նշված բոլոր շենքերը կառուցվել են դեռ խորհրդային տարիներին: Դրանցից շատերում ի սկզբանե չեն եղել համապատասխան պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով մի շարք շենքեր հիմնանորոգվել ու վերանորոգվել են: Այդ աշխատանքներում հաշվի է առնվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, սակայն համալիր մոտեցում չի եղել: Հիմա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ծրագրով խնդրին համալիր մոտեցում է տրվելու: «Յուրաքանչյուր շենքին առանձին մոտեցում է տրվելու: Շատ պատասխանատու, կարևոր աշխատանք է սպասվում: Մենք գործ ենք ունենալու արդեն գոյություն ունեցող շենք-շինությունների հետ, և դրանցում փոփոխություններ կատարելը կուղղորդվի որոշակի դժվարություններով: Այդ շենքերը հուշարձանային համալիրներ են»,-ասաց Ռուզան Ադամյան: Առաջիկայում սպասվում են ծրագրի հետ կապված քննարկումներ, առաջարկների ընդունում, նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստում: Գործնականում շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին: Սա պիլոտային ծրագիր է: Այն մայրաքաղաքում հաջողությամբ իրականացնելուց հետո ընդգրկվելու են կարևոր նշանակության քաղաքաշինական օբյեկտներ նաև Հայաստանի մյուս քաղաքներից, համայնքներից:
12:53 - 16 մարտի, 2022