Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» Հայաստանին միավորելու ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր», և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։
Ալիևը կարևորել է, որ այս քայլերը հնարավորինս շուտ իրականացվեն Հայաստանում, և ընդգծել, թե Հայաստանում այս թեմայով ներքին քննարկումների նախաձեռնումը համարում է դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծվել, որ խաղաղության գործընթացը շուտով ավարտվի։
Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն փաստացի խաղաղություն է․ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ խաղաղ է։
«Այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի և վերջ դրվի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին․ «Այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»,- ասել էր Փաշինյանը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, արձագանքելով քննարկումներին, որ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է, ասել էր, թե «չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է»․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը՝ խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Անշուշտ չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։ Այս առումով մեր սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- ասել էր ԱԳ նախարարը։
comment.count (0)