Մեղավոր ճանաչող դատական ակտը չի կարող արդար լինել․ Չարչյանի պաշտպան |panorama.am|
12:44 - 05 փետրվարի, 2024

Մեղավոր ճանաչող դատական ակտը չի կարող արդար լինել․ Չարչյանի պաշտպան |panorama.am|

panorama.am: «Մեզ համար յուրաքանչյուր արդյունք, որը կհանգեցնի պարոն Չարչյանի քրեակատարողական հիմնարկում չգտնվելուն, ևս  մեկ անգամ չհայտնվելուն, մեզ համար, բնականաբար, լավ է,  բայց դատավճռի մասով ընդհանուր առմամբ ունենք  անհամաձայնություն»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե ասել են ու ասում են,  պարոն Չարչյանն անմեղ է, տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման  դատական ակտ։
Փաստաբանն ասաց, որ դատական ակտը բողոքարկելու են, փորձելու են արդարադատությունն արդարացման  տեսանկյունից վերականգնել արդեն վերաքննության կարգով։

«Մենք ամենասկզբից ասել ենք՝ այս քրեական գործը ի սկզբանե չի ունեցել օրինական հենք։
Ի սկզբանե քրեական գործի  հարուցման որոշումը եղել է  խնդրահարույց, ոչ իրավաչափ։ Էլ չեմ ասում գործում առկա փաստական տվյալները հանգում են նրան, որ  այստեղ հանցակազմի մասին խոսելը պարզապես  ավելորդ էր, քանի որ Արմեն Չարչյանի խոսքի վերջաբանն էր՝ ով, ինչ ընտրություն կանի, չի անի, կգնա ընտրության, չի գնա, որևէ բացասական հետևանք չի լինելու։

Պետք չէ կոնտեքստից կտրել մի արտահայատություն և դրա հիման վրա կառուցել մեղադրանք։  Պետք է նայել  ամբողջ արտահայատության բովանդակությունը, գաղափարն ու ամբողջ ծավալը, դրանից հետո նոր կատարել հետևություն՝ այս կամ այն արարքը գոյություն ունի, թե ոչ։

Տվյալ պարագայում կոնտեքստից կտրված է եղել արտահայտության մի հատվածը, սա եղել է  մեղադրանքի առարկան, ինչի հետ համաձայնվեց դատարանը։ 

Մեր անհամաձայնությունը կա ու լինելու է, քանի որ այս դատական ակտը, որով  մեղավոր ճանաչվեց Չարչյանը, պարզապես արդար չի կարող լինել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ա.Չարչյանին վերագրվող հանցանքի կատարման մեջ և դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ՝ «Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել