Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին
 |hetq.am|
16:34 - 04 հուլիսի, 2023

Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի՝ հունիսի 22-ի որոշումից, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Պատգամավոր լինելն ու վճարովի վիրահատություններն անհամատեղելի են

Պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հարուցվել է 2023թ․ մարտի 13-ին։ Հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2021թ․ օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո Չարչյանը շարունակել է վիրահատություններ կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և ստանալ վարձատրություն։ Հիշեցնենք, Արմեն Չարչյանը 2014-2021թթ․ եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը։

Հանձնաժողովը հարցում է կատարել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ Արմեն Չարչյանը 2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Իզմիրլյան» ԲԿ-ից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է աշխատանքային վարձատրություն։

ԿԿՀ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին նյութեր, որոնցից մեկը հրապարակվել է 2023թ․ մարտի 2-ին՝ «Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը» վերնագրով, իսկ մյուս երկուսը՝ 2022թ․ հունիսի 8-ին և հոկտեմբերի 10-ին՝ նույնաբովանդակ վերնագրերով։

Բժշկական կենտրոնը հերքել է՝ Չարչյանը չի վարձատրվել

Այս ամենի վերաբերյալ ԿԿՀ-ն գրություն է ուղարկել «Իզմիրլյան» ԲԿ՝ առաջարկելով ներկայացնել 2021թ․ օգոստոսի 2-ից մինչև 2023թ․ հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների քանակի, ժամանակացույցի և բնույթի մասին տվյալներ։ 

Բժշկական կենտրոնից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն Բժշկական համալսարանի կլինիկական բազան է, իսկ Արմեն Չարչյանն այնտեղ իրականացրել է համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների և 1-3-րդ տարվա կլինիկական օրդինատորների թեորետիկ և կիրառական ուսուցում, որոնց շրջանակում նա մասնակցում է որոշ վիրահատությունների՝ որպես Համալսարանի վնասվածքաբանության օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարել վիրահատության այս կամ այն փուլը։ Ըստ «Իզմիրլյան» ԲԿ-ի գրության՝ Արմեն Չարչյանը որևէ բուժական գործունեություն չի ծավալել, չի կատարել ամբողջական վիրահատություն և աշխատավարձ չի ստացել։ 

Ըստ բժշկական կենտրոնի՝ պացիենտների հիվանդությունների պատմագրերում Արմեն Չարչյանի մասնակցությունը ֆիքսված է հետևյալ կերպ՝ «Հիվանդը վիրահատվել է պրոֆեսոր Ա․Գ․ Չարչյանի գիտական մանկավարժական ղեկավարությամբ»։

Համացանցում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հայտնել է, թե դրանք եղել են գործընկեր կազմակերպության վրիպակները, և լիարժեք չտիրապետելով իրավիճակին՝ սխալ տեղեկություն են հրապարակել։ Նախկինում «Վիրահատությունը կատարել է պրոֆ․ Ա․Գ․ Չարչյանը» վերնագիրը փոխարինվել է «Վիրահատությունը կատարվել է պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից՝ պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ՓԲԸ-ի գիտական համակարգող Արմեն Չարչյանի գիտաուսումնական ղեկավարությամբ» վերնագրով։

Հանձնաժողովը նշում է, որ շտրիխով ջնջել են վիրահատող բժշկի անուն-ազգանունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով հիվանդությունների պատմագրերը, պարզել է, որ դրանցից 4-ում ուղղիչ գրիչով՝ շտրիխով, փակվել է վիրահատող բժշկի անուն-ազգանունը և ավելացվել է այլ անուն-ազգանուն, ինչից Հանձնաժողովը եզրակացրել է, թե վիրահատող բժշկի անուն-ազգանունը փոփոխված տարբերակով է ներկայացվել։

Այս ամենը հաշվի առնելով՝ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած այն մասին, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ներկայացրած փոփոխված տվյալները նպատակ ունեն չեզոքացնել անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտումները։ 

Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, և ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ երբ հանձնաժողովը այդպիսի եզրակացության է հանգում, վարչական վարույթը կասեցնում է, իսկ վարույթի նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ դրանց իրավական գնահատական տալու նպատակով, ինչը և այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ արել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել