Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|
12:27 - 06 փետրվարի, 2024

Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարևորագույն կարգավորումներ է նախատեսում:

Նախարարը մատնանշեց այն հիմնական կարգավորումները, որոնք բերում է այս նոր օրենսդրական փաթեթը, ընդգծեց՝ իրականացվում է ոլորտի համապատասխանեցում միջազգային ընդունված չափորոշիչներին՝ դա սկսելով հասկացությունների սահմանումներից:

Նա ուշադրություն հրավիրեց մասնագիտական ուսուցում և կրթություն տերմինի վրա, որով մենք ոլորտը կոչում ենք այն անունով, ինչ անվանունով դա ընդունված է իրականացնել և ինչ ձևով այդ ոլորտը հասկանալի է նաև միջազգային կրթական տարածքի համար:

«Միևնույն ժամանակ, մենք միասնականացնում ենք այս ոլորտում գործող ուսումնական հաստատությունները՝ թողնելով քոլեջը՝ իբրև ոլորտում գործող հաստատությունների միակ տեսակ և տարբերակելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը:

Կարևորագույն փոփոխություն է այն, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը սրանով ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում և դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձև, ընդ որում, օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն այն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերը, որոնք հնարավոր են, այլ նաև նկարագրում է կառուցվածքը՝ առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և կառույցների գործառույթները այս նոր՝ գործող կազմակերպական կառուցվածքում:

Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը, դրանք հիմնվելու են վերջնարդյունքների վրա, բխելու են ազգային և ոլորտային շրջանակներից, ոլորտում գործելու է կրեդիտային համակարգը, ինչն էապես մեծացնելու է շարժունության հնարավորությունները: Ամբողջությամբ փոխված է նաև կառավարման համակարգը: Այստեղ նախատեսված է մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական համակարգ, ինչպես նաև հաստատությունների տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտ պահանջը, որը նաև նախատեսվում է համապատասխան մոնիթորինգի արդյունքներով դարձնել շատ ավելի հրապարակային:

Վերանայվում է նաև ոլորտում լիցենզավորման գործընթացը, նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինի թե՛ ընդհանրապես գործունեության թույլտվությունը, թե՛ բուն կրթական ծրագրերի իրականացումները: Ամբողջությամբ փոխվում է ֆինանսավորման համակարգը, ոլորտում ներդրվում է մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մեխանիզմը, որը կխթանի հաստատությունների միջև մրցակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Ոլորտում արդեն այս տարի կգործի նաև կամավոր ատեստավորման համակարգը, որի պարագայում կգործի նույն ձևաչափով խրախուսման հնարավորությունը՝ դրույքաչափը դառնալով 200 հազար դրամ և դրան ավելանալով նաև 30-50 տոկոս հավելավճար:

Ժաննա Անդրեասյանը կարևորեց այս համակարգում դեպի ներառականություն գնալը, նշեց՝ նախագծով ապահովված են համընդհանուր ներառական կրթության ներդրման բոլոր գործիքակազմերն ու անհրաժեշտ ներդրումները:

ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց մասնագիտական կրթության հասանելիության մասին, ինչին ի պատասխան, ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ բոլոր մարզերում ունենք մասնագիտական կրթության ուսուցման հաստատություններ, ընդգծեց՝ դա մեր ամենահասանելի մասնագիտական կրթությունն է, ինչի վկայությունը ուսանողների կազմի մասով վիճակագրությունն է:

«Հանրակացարանային պայմաններ որոշ դեպքերում կան, որոշ դեպքերում նախատեսվում են: Կրթության զարգացման պետական ծրագրում մենք հատուկ նշել ենք որպես խնդիր, որ պետք է հաստատությունները դասակարգվեն իբրև հանրապետական կամ տեղային նշանակության, հանրապետականների համար պետք է ապահովվեն հանրակացարանային և այլ պայմանները, որ ամբողջ հանրապետությունից հնարավոր լինի այդտեղ կրթություն կազմակերպել: Այսօր մենք ունենք նման օրինակ Տավուշում»,- պարզաբանեց նախարարը:  

Հարակից զեկուցող, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, ընդգծեց՝ նախագիծը չափազանց կարևոր է, այն ամբողջությամբ համընկնում է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել