«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին
 |civilnet.am|
12:16 - 08 փետրվարի, 2024

«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին |civilnet.am|

civilnet.am: «Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։

Այս գործով կա կալանավորված պաշտոնատար անձ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։

«Մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- կառավարության նիստում հարց բարձրացրեց Քերոբյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր մոտեցումն այն է, որ պետք է հասկանալ՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։

«Պլանավորված չարաշահումը, յուրացումն ու կաշառքը ուրիշ բան է։ Մեր ընթացակարգերը բարդ ու խճճված են»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել