Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանն աջակցելու հանձնառությունը. Սեժուրնե
14:12 - 10 փետրվարի, 2024

Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանն աջակցելու հանձնառությունը. Սեժուրնե

1lurer.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպման վերաբերյալ:

Նշվում է, որ ֆրանսիացի դիվանագետը վերահաստատել է Փարիզի անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր: Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին: Խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական կարմիր խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ հատկապես խոցելի խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին: Սեժուրնեն վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ «Արդարացի և տևական խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքը, երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել