armeniasputnik.am:Հայաստանն աշխատանք է տանում Սև ծովի հատակով «Վրաստան–Ռումինիա» էլեկտրական մալուխի անցկացման նախագծին միանալու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ` 2024 թվականի հունվարին, Թբիլիսիում նախագծին միանալու պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանի այն ժամանակվա նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական կողմը մեծ հետաքրքրություն է դրսևորում Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծի նկատմամբ։
Վարչապետի դիրքորոշումը հաստատեցին նաև գերատեսչությունում։
«Կարևորելով էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը` հայկական կողմը հետաքրքրություն է արտահայտել միանալ Վրաստան–Ռումինիա Անդրսևծովյան էլեկտրական մալուխի կառուցման ծրագրին», – ասվում է պատասխանում։
Այդ համատեքստում Հայաստանը տարբեր մակարդակներում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Վրաստանի հետ։ Միաժամանակ Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք տեխնիկական առումով կմեծացնեն նախագծին մասնակցություն ունենալու հնարավորությունները։
Նախարարությունում նշել են նաև, որ համագործակցության ձևաչափն ու պայմանները կքննարկվեն մասնակից երկրների համաձայնությունը ստանալուց հետո։
Հայաստանում ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան խթանում է միջսահմանային առևտուրը Վրաստանի հետ, իսկ երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկայի բնագավառում ծավալվող փոխգործակցությունը հնարավորություն կտա կանաչ էներգիա արտահանել դեպի երրորդ երկրներ Վրաստանի միջոցով։
«Էներգետիկ անվտանգության, ինչպես նաև սպառողների հուսալի և անխափան էներգամատակարարման ապահովման համար շարունակվում են իրականացվել աշխատանքներ վերականգնվող էներգետիկ նոր հզորությունների ստեղծման, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման, վերազինման և արդիականացման ուղղությամբ», – պարզաբանել են գերատեսչությունում։
comment.count (0)