factor.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը «Լիդիան Արմենիան» մինչ օրս չի հրապարակել, ինչպես նաև հրապարակված չէ 2022-ի հաշվետվության հայերեն տարբերակը։ 2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։
Հիշեցնենք՝ կառավարության հունվարի 18-ի նիստում հաստատվեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց այս նվիրատվությունը, իսկ ահա ընկերության պարտքերի մասին որևէ խոսք չեղավ։
Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ 12.5 % բաժնեմասը փոխանցվում է առանց որևէ պարտավորության, արդյո՞ք պայմանագրում նշվել է այդ մասին։ Նախարարությունից տեղեկացրին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս նախապատրաստվում է: Դրա համար հունվարի 18-ին կառավարության որոշմամբ 1 ամիս ժամանակ է տրվել։
Նախարարությունը հղում է արել 2023 թ-ի փետրվարի 22-ին կնքված եռակողմ հուշագրին, որով «Լիդիան Արմենիան» պարտավորվել էր 12․5 % բաժնեմասն անհատույց տրամադրել կառավարությանը՝ առանց որևէ ֆինանսական պարտավորության։
Եթե պայմանագրում հստակ ձևակերպումներ չլինեն պարտավորությունների վերաբերյալ, ապա «Լիդիան Արմենիա»-ի պարտավորությունների 12․5%-ը` առնվազն 67․7 մլն դոլար (2022 թ-ի դրությամբ), կդառնա ՀՀ կառավարության պարտավորությունը։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։
comment.count (0)