Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները
20:18 - 15 փետրվարի, 2024

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։ 

Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022 թ. հունվարին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կատարված շեշտադրումն առ այն, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններով հարվածի տակ է դրվում ժողովրդավարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել են, որ այդ հարցում մարտահրավերները շարունակվում են և համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը դարձնում օրվա հրամայականը։ 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող, այդ թվում՝ մարդասիրական, հարցերի շուրջ սկզբունքային, արդար դիրքորոշման և աջակցության համար։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներին, որոնք հիմնված են քաղաքակիրթ աշխարհին քաջ հայտնի հիմնարար սկզբունքների վրա։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլերի զսպման և բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների ու իրավունքների հասցեագրմանը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ապահովմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի։ 

Խորհրդարանականները բարձր են գնահատել ՀՀ կառավարության որոշումը Լյուքսեմբուրգում ՀՀ դիվանագիտական ներկայացվածության ապահովման՝ գրասենյակի բացման վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես սերտ բարեկամության արտահայտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել