Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
 |armenpress.am|
16:52 - 16 փետրվարի, 2024

Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիրն ստորագրել են փետրվարի 16-ին, Բեռլինում։ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա «համաձայնագիր է Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ աջակցության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ»։

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էին ստորագրել համաձայնագիր անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք կգործեն մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է դարձել, որը պայմանագիր է ստորագրել Կիևի հետ, ինչը նախատեսում է արագ և շարունակական աջակցություն Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կդառնա երրորդ երկիրը, որը երկկողմ անվտանգության համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ։ Դա նախատեսված է Ելիսեյան պալատում փետրվարի 16-ի երեկոյան։

Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը նաև նախատեսում է միջոցների հատկացում Ուկրաինային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել