azatutyun.am: Ապրիլի 19-ին ուկրաինական քաղաքների և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին և գործընկերներին՝ հրատապ կերպով Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցով։
«Յուրաքանչյուր երկիր, որը տրամադրում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, յուրաքանչյուր ղեկավար, ով օգնում է համոզել մեր գործընկերներին, որ հակաօդային պաշտպանության համակարգերը չպետք է պահվեն պահեստներում, այլ տեղակայվեն իրական քաղաքներում և համայնքներում, որոնք կանգնած են ահաբեկչության դիմակայության առաջ, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են մեր պաշտպանությանը, կյանք են փրկում»,- X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով՝ սա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև ողջ աշխարհին։
Ռուսաստանը պետք է պատասխան տա ահաբեկչության համար, և բոլոր հրթիռներն ու «Շահեդ» անօդաչու սարքերը պետք է որսալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով՝ աշխարհը կարող է դա ապահովել, դա ցույց է տվել Մերձավոր Արևելքի երկնքում, և այն պետք է գործի նաև Եվրոպայում:
comment.count (0)