Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր
11:45 - 20 փետրվարի, 2024

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, տնտեսվարողի կողմից ապրանքների ապօրինի ներմուծումը թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ.-ի օժանդակությամբ Ա. Պ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանից ավտոպահեստամասերի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ա. Պ.-ն դիմել է Ն. Մ.-ին՝ խնդրելով աջակցել սահմանված չափաքանակները գերազանցող ավտոպահեստամասերը մաքսային հսկողությունից թաքցնելով անխոչընդոտ ՀՀ ներմուծելու և մաքսային վճարումներից խուսափելու հարցում: Ն. Մ.-ն էլ, ով նախկինում զբաղեցրել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի պաշտոնը, Ա. Պ.-ին խոստացել է օգտագործել նույն մաքսակետի պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը՝ վերը նշված ապրանքների ապօրինի ներկրման հարցում աջակցելու համար: Դրա համար Ն. Մ.-ն Ա. Պ.-ից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ:

Արդյունքում՝ Ն. Մ.-ն դիմել է վերը նշված մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչ Գ. Ք.-ին և վերջինիս խնդրել Ա. Պ.-ի կողմից ներմուծված ապրանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդպիսով Գ. Ք.-ին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:

Բացի այդ, Ն. Մ.-ն և Ա. Պ.-ն պայմանավորվածություն են ձեռք բերել վերը նշված մաքսային տեսուչի՝ Գ. Ք.-ի հետ՝ սահմանված չափաքանակները գերազանցող ապրանքները Ա. Պ.-ի կողմից առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նշված պաշտոնատար անձին յուրաքանչյուր ներմուծման ժամանակ մինչև 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ:

Ա. Պ.-ի կողմից մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու նպատակով՝ Գ. Ք.-ն նույն մաքսակետի երկու այլ տեսուչների խնդրել է ներմուծված ավտոպահեստամասերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդ կերպ համոզելու եղանակով նշված տեսուչներին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:

Դրանից հետո Գ. Ք.-ն հանդիպել է Ա. Պ.-ին և վերջինիս օգտին իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դրսևորած թողտվության, հովանավորչության և ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Գ. Ք.-ն վերը նշված եղանակով Ա. Պ.-ի կողմից մի շարք այլ դեպքերում նույնպես առանց մաքսազերծման ավտոպահեստամասեր ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նրանից ստացել է ևս 300.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Գ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Ա. Պ.-ին՝ 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), Ն. Մ.-ին՝ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս երկու մաքսային տեսուչի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել