ՀՀ-ն անընդունելի է համարում ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները․ ԱԽ քարտուղար
 |armenpress.am|
17:44 - 21 փետրվարի, 2024

ՀՀ-ն անընդունելի է համարում ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ անցած մեկ տարին կարևոր փուլ էր ԵՄ քաղաքացիական առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր՝ կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունեության իրավապայմանագրային հիմքի հետ։

«Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև առաքելության և Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների միջև համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։ Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում՝դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկայնքով։

Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։

Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն՝ իրականացնելու իր մանդատը ամբողջ ծավալով»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար հայկական կողմը շնորհակալ է ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և առաքելության անձնակազմին։

«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք նաև ողջունում ենք Կանադայի մասնակցությունն առաքելությանը և ողջունում ենք առաքելությանը միանալու՝ Նորվեգիայի պատրաստակամությունը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին օրերս անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ առաքելությունը ոչ թե նպաստում է Հարավային Կովկասի կայունությանը, այլ զբաղված է հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել