Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը․ «Սիներջի» ընկերության տնօրեն
13:42 - 24 փետրվարի, 2024

Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը․ «Սիներջի» ընկերության տնօրեն

«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, գործարար համայնք, այս ուղերձը հղում եմ իբրև երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում իմ ընտանիքի ու իմ թիմի կողքին են կանգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՏՏ և ամբողջ գործարար համայնքի իմ հարգարժան գործընկերներին միասնականության համար:

Երախտիքս ուղղում եմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր, անկախ հայացքներից ու մոտեցումներից, դուրս եկան իրենց հարմարավետության գոտուց և խոսեցին հանուն արդարության: Այս վերաբերմունքն ու միասնականությունը, անխոս, ինձ ավելի են պարտավորեցնում` շարունակելու ծառայել մեր երկրին և նպաստել ՏՏ ու գիտական ոլորտի զարգացմանը:

Ինչպես շատերդ գիտեք, «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերությունը հիմնել եմ դեռևս 1997 թվականին ԱՄՆ-ում, իսկ արդեն 1999 թվականին բացել եմ ընկերության մասնաճյուղը Հայաստանում՝ մեր հայրենիքի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ քչերն էին համարձակվում ներդրում կատարել՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բազմաթիվ են պատմություններն ու օրինակներն աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող մարդկանց մասին, որոնք Սիներջիից ոգեշնչված և մեր գրանցած հաջողությունների օրինակով՝ իրենց ընկերությունները բացեցին Հայաստանում՝ դրանով իսկ մեծ թափ հաղորդելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների՝ որպես գերակա ճյուղի զարգացմանը։

Այսօր ես և ոլորտի մյուս առաջամարտիկները մեծ պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների առաջ՝ ոգևորելու նրանց, հավատ ներշնչելու և ճանապարհ ցույց տալու: Այդ ճանապարհը հուշում է, որ պետք է շարունակել արարել ու հաջողել Հայաստանում` անկախ անարդարություններից, որոնք ժամանակավոր են ու կպարզվեն վստահաբար: Այդ տեսանկյունից մեծ հարվարծ էր առանց իրողությունների խորքային վերլուծության ոչ իրավաչափ քրեական հետապնդումն իմ հանդեպ, այն էլ՝ խստագույն խափանման միջոցով. ասես Աշոտ Հովհաննիսյանն այն անձն է, ով երբևէ կարող է թաքնվել որևէ քննությունից կամ խոչընդոտել նախաքննական պրոցեսներին:

Իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը վկայությունն են այն հանգամանքի, որ ես միշտ ներկայացել եմ բաց ճակատով: Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը և նաև այն, որ նախարարության աշխատակիցները չեն ունեցել որևէ անձնական շահ, այլ, իմ համոզմամբ, առաջնորդվել են հենց պետական շահով: Այսքանով կսահմանափակվեմ, թերևս:

Միաժամանակ, ուզում եմ կարևորից խոսել. Սիներջիի անձնակազմի հետ շարունակում ենք մեր լայնածավալ նախագծերը և նոր գաղափարների շուրջ աշխատանքները։ Կհանդիպենք գործարար միջոցառումներին, հասարակական քննարկումներին, Երևանի համերգասրահներում և այլուր. պիտի շարունակեմ աշխատել ու նպաստել մեր ոլորտի զարգացմանը:

Շնորհակալություն, որ միասնական ենք: Ձեր` տ.գ.թ.. Աշոտ Հովհաննիսյան»։

Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Նա 2 ամսով կալանավորվել էր, սակայն, փետրվարի 21-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր նրա խափանման միջոց կալանքը:

Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել