Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|
14:22 - 26 փետրվարի, 2024

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հեկտար տարածք, որտեղ կան բազմաթիվ ինքնակամ շինություններ։

«Թեև 50 հեկտարից առնվազն 36 հեկտար տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և ըստ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ։

Համայնքային տարածքի մի զգալի հատվածի 7 հեկտար մակերեսն ինքնակամորեն սահմանազատվել է ու ցանկապատվել քաղաքացիների կողմից»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Ըստ նրա՝ 26 հեկտար տարածք պատրաստ է կանաչապատման։ Նման մեծ տարածքի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի, այլև Կենտրոն վարչական շրջանի համար։ Նախատեսվում է այդ տարածքում տեղադրել ոռոգման ցանց և ավարտին հասցնել սանիտարական աշխատանքները 

«Խոսքը համայնքից զավթված հողերի մասին է։ Նման քաղաքականության հետևանքով մենք մայրաքաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի տրվել անկանոն կառուցապատմանը։ Կանաչ տարածքներում քոլիկների ու շինությունների ապօրինի կառուցումն անընդունելի է»,- ասաց Ավինյանը՝ հասարակական կարգի պահպանման ծառայությանը,  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում 26 հեկտար տարածքում վերացնել ապօրինի շինությունները և քննարկման ներկայացնել կանաչապատման սխեման։    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել