Սևանա լճում կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
11:23 - 28 փետրվարի, 2024

Սևանա լճում կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ավարտվել է 2023 թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ ևս 5 մեղադրյալի մասով։
 
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց և հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկորսների հետ, տեղեկանալով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկների՝ դեկտեմբերի 19-ին՝ Սևանա լիճ նախատեսված շրջայցի և այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:
 
Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված, մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանջելով լճից դուրս չբերել իրենց ձկորսական ցանցերն ու այլ պարագաները:
 
Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝ ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:
 
Չբավարարվելով կատարածով՝ ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկի նավի հետևից կապված շուրջ 6.7 մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:
 
Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ վերոնշյալ 5 անձանցից 4-ը, բարձրացել են «Սևան» ազգային պարկի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝ նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
 
Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝ 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
 
Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
 
Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, ավարտվել էր նաև Գեղարքունիքի մարզի ևս մեկ՝ 27-ամյա բնակչի վերաբերյալ քրեական վարույթը։
 
Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ Սևանա լճում կատարված վերոնշյալ միջադեպից հետո, երբ Ոստիկանության ծառայողները սկսել էին իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու ուղղությամբ, քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, 27-ամյա երիտասարդը դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա և փորձել հարվածել նրան։
 
Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր էր ընկել, իսկ 27-ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, դանակով հարվածել էր վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։
 
27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և վերջինս կալանավորվել էր։ Նրա վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել էին դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: 
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել