civilnet.am: Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետի մուտքը Գյումրի ուղեկցվում է քաղաքում գործող այլ սուպերմարկետների ցանցի նկատմամբ ճնշումներով։ Մասնավորապես, Գյումրիում գործող «Բասեն» սուպերմարկետների ցանցին ապրանք մատակարարող ընկերությունները պահանջել են ավելի բարձր գնով վաճառել իրենց ապրանքները, ինչի արդյունքում «Բասեն»-ում վաճառվող ապրանքներն ավելի թանկ կլինեն, քան Yerevan City-ում։
«Բասեն» սուպերմարկետների ցանցի հիմնադիր ու սեփականատեր Գևորգ Եղիկյանը հաստատում է՝ բոլոր մատակարարները հերթ են կանգնել իր աշխատասենյակի առաջ՝ ապրանքների գները թանկացնելու պահանջով։ «Մարդիկ եկել են, ասում են 5 խանութ պիտի բացենք, Գյումրին գրավենք։ Մատակարարները հերթ են կանգնել, ասում են՝ «Բասեն»-ում ապրանքի գինը պիտի թանկացնես, որովհետև Yerevan City-ն չի տեղավորվում գների մեջ, դրա համար պիտի 620 դրամանոց թթվասերը դառնա 660 դրամ, իսկ եթե չանես,Yerevan City-ն պնդել է, որ այդ 40 դրամը պիտի մատակարարը կոմպենսացնի»,- ներկայացրեց Եղիկյանը։
Նրա խոսքով՝ «Բասեն»-ը Գյումրիում էկոնոմ խավին սպասարկող խանութների ցանց է, իսկ Yerevan City-ն եկել է բարձր խավին սպասարկելու։ Անդրադառնալով մատակարարների պահանջին՝ Եղիկյանը պատմեց. «Coca Cola, Fanta, պանիր, մածուն, կոնյակ, կապվում են ինձ հետ, ասում՝ գները պիտի բարձրացնես։ Բոլոր մատակարարները համատարած, օրինակի համար տամ «Մարիաննա» կաթնամթերքի անունը։ Yerevan City-ի տնօրենները զանգում են մատակարարների տնօրեններին, ասում, որ «Բասեն»-ի գները մեզ հարմար գներ չեն, պիտի բարձրացնեք։ Ոնց որ մեկը գա ձեր տուն հյուր, ասի՝ ինչո՞ւ եք սեղանը դրել հյուրասենյակի անկյունում, բերեք, դրեք սենյակի մեջտեղում։ Ձեր ի՞նչ գործն է, մինչև ձեր գալը մենք Գյումրիում աշխատել ենք»,- դժգոհեց նա։
Վերջինս ասաց՝ մատակարարները բացատրում են, որ Yerevan City-ն այդ ընկերությունների ապրանքների խոշոր վաճառող է ու պահանջել է մատակարարներից բարձրացնել գները «Բասեն»-ի համար՝ հաշվի առնելով նաև, որ Երևանում կա շատ ավելի մեծ շուկա ու համագործակցություն Yerevan City-ի ու մատակարարների միջև։
Եղիկյանը զգուշացնում է՝ Yerevan City-ի մուտքով Գյումրիում մեծ ու միջին սուպերմարկետները կարող են վերանալ ու կմնան միայն թաղային փոքր խանութները։ Նա նաև մեկ այլ խնդիր է բարձրացնում՝ «Բասեն»-ից դեպի Yerevan City աշխատակիցների արտահոսք կա. «Մեր մոտից բավական շատ աշխատողների են տարել։ Աշխատողները երևի մտածում են՝ նոր խանութ է, սիրուն խանութ է, պրեստիժ է, «Բասեն»-ը հին է, տեղափոխվել են այնտեղ։ Գնացել, գնացել են, նեղվել ենք, բայց մեր մեջ ենք պահել։ Ում որտեղ հարմար է, այնտեղ է ուզում գնալ»։
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Սուրեն Ժամհարյանը, անդրադառնալով իրենց պահանջով մատակարարների կողմից «Բասեն»-ի համար գները բարձրացնելուն, հերքեց տեղեկությունը՝ նման բան չկա։
Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։
comment.count (0)