ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, ֆոտո և կինո ցուցադրությունների ձևաչափով:
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շեշտել՝ հանդիպումը լավ առիթ է հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում համատեղ անելիքները քննարկելու համար: Նախարարն ընդգծել է՝ մշակութային առումով տարին հոբելյանական է՝ առաջարկելով նաև այդ համատեքստում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը:
Նշվում է, որ Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը փոխանցել է երկրի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հավաստիացումն առ այն, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով: Դեսպանն ընդգծել է՝ Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը շատ սպասված միջոցառում է: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը թուրքմեն ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը:
Առաջարկվել է դիտարկել միջոցառումներն այս տարվա աշնանն անցկացնելու հնարավորությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Մասնավորապես՝ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովումը համատեղ կրթական հետազոտական նախագծերի, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով։ Ընդգծվել է նաև երկու պետությունների կոնսերվատորիաների և տնտեսագիտական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացման կարևորությունը: Դեսպանը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի փորձին՝ դպրոցականների շրջանում օլիմպիադայի կազմակերպման բնագավառում, որը հիմք կհանդիսանա նաև հետագա փոխհամագործակցության զարգացման համար:
Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանը կարևոր ուղղություն է նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, որոնք մեր երկրում պարբերաբար կազմակերպում են ուսումնամարզական հավաքներ, մասնակցում միջազգային մրցաշարերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
comment.count (0)