Նոր ավիաուղղություններ՝ 2024-ին. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտեն |armenpress.am|
10:30 - 05 մարտի, 2024

Նոր ավիաուղղություններ՝ 2024-ին. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտեն |armenpress.am|

armenpress.am: 2024 թվականին  դեպի Երևան սպասվում են նոր ավիաուղղություններ. Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է  մանրամասներ՝ նշելով, որ  առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը,  Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը։ 

Նրա խոսքով՝ 2023 թվականին առաջին անգամ ունեցել են Սաուդյան Արաբիայից ավիաընկերություն, որն իրականացրել է թռիչքներ 4-5 ամիս, որից հետո ընդհատել է, սակայն հունիսից նորից կվերսկսի գործունեությունը: 

«Առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը,  Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր։ Ելնելով մեր քննարկումներից և բանակցություններից, առնվազն այսքանն այս պահին կարող եմ վստահ նշել,  բայց այլ ուղղությունների մասով ավելի վստահ կարող ենք հայտնել  համապատասխան բոլոր թույլտվությունները ստանալուց հետո։ Նշեմ, որ կան ավիաընկերություններ, որոնք մուտք են գործում շուկա սեզոնով պայմանավորված։ Օրինակ՝ ձմեռն ավելի պասիվ շրջան է համարվում, որոշները դուրս են գալիս և ամռան ակտիվ սեզոնով պայմանավորված՝ նորից վերադառում»,-ասաց  նա։ 

Փայասլյանը նշեց, որ այժմ այդ փուլում են, մարտ ամսից ստանում են հայտեր և հաստատում առաջիկա ուղղությունները։ Նա վստահեցրեց, որ իր նշած ուղղությունները վստահաբար առաջիկա տարում կլինեն։ 

«Մեր մշտական ուղղությունները, որոնք կան, շարունակում են մնալ, այս պահին չունենք որևիցե ընկերություն, որը դուրս է եկել շուկայից վերջին տարվա ընթացքում։  Ունենք համալրումներ, թռիչքների հաճախականությունների ավելացում, որ  կախված է նաև սեզոնի ընթացքից»,-նշեց նա։ 

Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝  հնարավոր է նոր ավիաընկերություններ նույնպես միանան, քանի որ  կան բանակցություններ և մի շարք  ավիաընկերությունները սկսել են հարցումներ  իրականացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել