Նավալնու այրին և Զելենսկու կինը մերժել են Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա լինելու հրավերը
 |azatutyun.am|
21:36 - 06 մարտի, 2024

Նավալնու այրին և Զելենսկու կինը մերժել են Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա լինելու հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Օլենան, մերժել են Սպիտակ տան հրավերը՝ ներկա լինելու Կոնգրեսում, ուր վաղը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կներկայացնի ամենամյա ուղերձը երկրում ու աշխարհում տիրող իրավիճակի մասին, հաղորդում են The Washington Post-ը և "Украинская правда"-ն:

Ըստ այդ աղբյուրների՝ Նավալնայան և Զելենսկայան հրավիրվել էին ԱՄՆ առաջին տիկնոջ կողմից և պետք է յուրահատուկ կերպով մարմնավորեին պայքարը Ռուսաստանի նախագահի դեմ։ The Washington Post-ը գրում է, թե այս հրավերը բացասաբար է ընդունվել Կիևում․ շատերն են հիշեցնում՝ թեև Նավալնին դատապարտել էր Պուտինի պատերազմը, բայց մինչ այդ նաև դեմ էր արտահայտվել Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուն։ Բացի այդ, Ուկրաինայի վերնախավը փորձում է հավասարակշռություն պահել և չընկալվել որպես Բայդենի աջակից՝ նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։Ուստի Կիևից BBC-ին փոխանցել են, թե հրավերը վերջերս են ստացել, իսկ մինչ այդ առաջին տիկնոջ գրաֆիկում գրանցվել են այլ միջոցառումներ, այդ թվում՝ մանկատան երեխաների այց։

Երկու տիկնայք, ըստ The Washington Post-ի, պետք է նստեին կողք-կողքի։

Յուլիա Նավալնայայի խոսնակը հաստատել է, որ նա ստացել է Սպիտակ տան հրավերը, բայց, ըստ Կիրա Յարմիշի, ստիպված է եղել հրաժարվել, քանի ամուսնու մահվանից հետո վերականգնման կարիք ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել