azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացել է արևմտյան առաջնորդներին և դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ նա է պատասխանատու բանտարկված Ալեքսեյ Նավալնու մահվան համար։
«Նրա մահվան մասին հաղորդագրությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, իսկ ես հիմք չունեմ չհավատալու, Ռուսաստանի իշխանություններն իրենց վարկածը կպատմեն: Չսխալվեք... Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար»,- ասել է Բայդենը:
Բայդենը հրաժարվել է «սպանություն» որակել Նավալնու մահը՝ նշելով, որ Սպիտակ տունը դեռ հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Նա չմանրամասնելով հավելել է, որ դիտարկում է պատասխան քայլերի մի շարք տարբերակներ:
ԱՄՆ նախագահը Նավալնուն անվանել է լիդեր, որը «խիզախորեն պայքարել է կոռուպցիայի, բռնության և այն բոլոր վատ երևույթների դեմ, որոնք հատուկ են Պուտինի ռեժիմին»:
Նա Նավալնուն նկարագրել է որպես քաղաքական գործչի, որն ուներ այն, ինչ Պուտինը չունի՝ համարձակություն, սկզբունքայնություն, որը երազել է կերտել Ռուսաստան, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ:
«Նավալնին հավատում էր այդ Ռուսաստանին: Նա գիտեր, որ սա այն գործն է, որի համար արժե պայքարել և կյանքը զոհաբերել»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով ողբերգությունը ստիպում է հիշել, թե ինչ է հիմա վճռվում Ուկրաինայում, և հորդորել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամներին ընդունել Կիևին 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը:
comment.count (0)