Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորեւ․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։
Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում։ Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։
Մեծազնիվ տիկնայք և օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջև հանապազ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված Իր օրհնության ներքո պահպանի ձեզ հույսով ու հավատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինությունների մեջ և քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելիների հետ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. ամեն»,– ասված է ուղերձում։
comment.count (0)