news.am: Համաձայն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել հարցերին նաեւ այլ անձինք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի ավագանու կազմից հեռացված Հայկ Մարությանը:
«Հաշվի առնելով, որ այսօր ավագանու նիտում տրանսպորտըի խնդիրն է քննարկվելու, մեր խմբակցությունը (Ազգային առաջընթաց-խմբ) դիմել է, որպեսզի ես մասնակցեմ եւ ելույթ ունենամ: Մեր դիմումին եկել է մերժում: Հիմնավորումը շատ տարօրինակ է, հիմնավորում են, որ կա ինչ-որ մի ապօրինի փաստաթուղթ, որը կնքվել է քաղաքապետարանի աշխտակազմի եւ ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջեւ, որ ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից եւ այն մարդկանցից, որոնք էնտեղ շխատում են, այլ անձ չի կարող ներս մտնել, մուտք գործել քաղաքապետարանի շենք: Սա մաքուր ապօրինություն է, որովհետեւ օրենքով հստակ ասվում է, որ խմբակցության հրավերով կարող են գալ անձինք եւ մասնակցել նիստին, ելույթ ունենալ, պատասխանել հարցերի: Հիմա ես փորձելու եմ մուտք գործել Երեւանի քաղաքապետարան: Տեսնենք՝ ինչպես է ոստիկանությունն այդ ապօրինի որոշումը կատարում:
Եթե ես ներս մտնեմ, մենք վերեւում ճեպազրույց կունենանք, ես բոլոր մեր տեսակետները կհայտնեմ, նաեւ ելույթ կունենամ: Եթե ոչ, այստեղ փոքրիկ պրես կոնֆերանս կանցկացնենք»,-ասաց Մարությանը:
Նախկին քաղաքապետը փորձեց մուտք գործել շենք, սակայն նրան թույլ չտվեցին:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
comment.count (0)