Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Հարցը նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց, թե առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա՞ Արցախից տեղահանավածների համար: Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, որ իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանն էլ իր ելույթում հայտնեց, որ «գործ ունենք հերթական փնթի անգրագետ և սխալ մոտեցման հետ«:
«Ինչու, որովհետև մարդիկ, որոնք այդ ոլորտով զբաղվում են, ոչ թե մտածում են մարդկանց սոցիալական վիճակի մասին, այլ մտածում են՝ ոնց ֆոկուս-պոկուս անեն ու PR անեն, որ իրենք ինչ-որ տեղ զեղչ արեցին: Սիրելի՛ երևանցիներ, ձեզ խաբում են, իրականում դա զեղչ չէ: Քիչ առաջ ես ապացուցեցի, և պաշտոնապես մարդիկ ասացին, որ 50 դրամ տրոլեյբուսին վճարող թոշակառուն պիտի վճարի 9000 դրամ ամսական փաթեթ: ... Եվ դա հենց այն խումբն է, որ օրը 5 անգամ ուժ չունի, որ տրանսպորտով ման գա, շաբաթը մի անգամ գնում է պոլիկլինիկա, այսինքն՝ գլխավոր թիրախը հենց այն խմբերն են, որոնց դուք բերել եք հիմա ձևական 15, 20%, դուք ձեզ պահում եք անպարկեշտ վաճառականի պես, որ տոներից առաջ գները բարձրացնում են թաքուն, հետո սև ուրբաթին 10 տոկոս զեղչ են հայտարարում»,- ասաց նա:
Նրա խոսքով սխալ է արտոնություն տալու տրամաբանությունը, ոչ թե ըստ կարգավիճակի է պետք զեղչ տալ, այլ ըստ տարիքի:
comment.count (0)