«Եթե միակողմանիորեն տալիս են Ադրբեջանին, ծանր վիճակի մեջ ենք հայտնվում». Տավուշի գյուղերում անհանգիստ են
 |azatutyun.am|
22:40 - 13 մարտի, 2024

«Եթե միակողմանիորեն տալիս են Ադրբեջանին, ծանր վիճակի մեջ ենք հայտնվում». Տավուշի գյուղերում անհանգիստ են |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի մարզի Խեյրիմլին Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերից մեկն է։ Վարչապետ Փաշինյանը երեկ ասուլիսում ասաց, որ այդ չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ ըստ էության չհերքերով դրանք վերադարձնելու հեռանկարը։

«Օրական մարդասպանություն կլինի, գողանալու են, տանեն, կրակելու են, չեն թողնելու՝ ժողովուրդն ապրի, մեր 30-40 հեկտարը գյուղի էն կողմն է ընկնում, մեր հողերն են, ով պիտի գնա այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց բնակիչներից մեկը։

Գյուղում մի քանի ավերված տների հետքեր են երևում, տեղացիների պնդմամբ՝ մոտ 30 տուն է եղել այնտեղ։

Իսկ Կիրանց գյուղի բնակիչներից մեկը, որ մեկուկես հեկտար այգի է տնկել վերջին տարիներին, ասում է՝ Խեյրիմլիի հետ մի գետակ է բաժանում։ Նրա պնդմամբ՝ գյուղը Ադրբեջանին հանձնելուց հետո նրանց դիտակետում կհայտնվի. - «Որ թողեցինք, պետք է գյուղը բրախենք, դուրս գանք, բայց հետո ի՞նչ դառնա սա»։

Հենց Խեյրիմլիի տարածքում են արածում Կիրանց գյուղի բնակիչների անասունները։ Բնակիչների տեղեկություններով՝ նաև գետի վրա գործող կամրջակը կարող է անցնել Ադրբեջանին։

Տավուշի մարզպետարանից հրաժարվեցին հստակ պատասխանել՝ գյուղը Կիրանցի վարչական տարածքում երբևէ եղել է, թե ոչ։ Հրաժարվեցին առհասարակ պատասխանել հարցերին։

Ամեն ինչ անորոշ է, վարչապետի հայտարարություններին ոչինչ ավելացնել չենք կարող, փոխանցեցին մարզպետարանի լրատվականից։

Կիրանցին մոտ տարածքում նոր ճանապարհ էին գցում դեռ օրեր առաջ, բայց դարձյալ հնարավոր չեղավ պարզել՝ դա կապ ունի արդյոք վարչապետի երեկվա հայտարարության հետ, թե ենթակառուցվածքները կվերակառուցվեն ու կհարմարեցվեն նոր սահմաններին։

Կիրանցում այսօր պետական ծրագրով տներ են կառուցվում, վերջերս նաև դպրոց է կառուցվել, գտնվում է այն ճանապարհի եզրին, որը, ըստ տեղացիների, ևս կարող է անցնել Բաքվին, ինչպես նաև նորակատույց պոմպակայանը, որը ջրով է ապահովում հարևան Սարիգյուղին։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել