Ինչո՞ւ ԱԳՆ-ն ընդդիմադիրներին թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին  
 |azatutyun.am|
21:04 - 16 մարտի, 2024

Ինչո՞ւ ԱԳՆ-ն ընդդիմադիրներին թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին |azatutyun.am|

azatutyun.am: Արտգործնախարարությունն այլևս թույլ չի տալիս ընդդիմադիրներին ծանոթանալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին չորս ընդդիմադիրներով դիմել էին Արտգործնախարարություն՝ Բաքվի առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ ԱԳՆ-ից, սակայն, ստացել են պաշտոնական մերժում։

«Հայտնում ենք, որ ‎բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը», - արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը ներկայացրեց Մանուկյանը։

«Այսինքն՝ չորս պատգամավոր գնում, ծանոթանում էինք բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերին, նախագծերին, մենք ենք խաթարել այդ բանակցությունը, մենք ենք խանգարել այդ բանակցությունները, հանրությանը մենք ենք մոլորեցրել», - նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ իրենք որևէ կարգ չեն խախտել, նախագծի որևէ դրույթ չեն հրապարակել, ընդամենը զգուշացրել են հանրությանը. - «Հանրությանն ասելով, որ ժողովո՛ւրդ, ձեզ խաբում են, Նիկոլ Փաշինյանը ստում է, այս իշխանությունը ստում է, որ երկնքից մանանա է խոստանում, Նիկոլ Փաշինյանը ստում է, Գրիգորյան Արմենը ստում էր, որ մինչև տարվա վերջ արդեն պայմանագիրն Ադրբեջանի հետ կստորագրվի։ Մենք ասում էինք՝ ունենք անհանգստություններ, և այդ անհանգստությունները որևէ կետ չբացահայտելով, կետերը բացահայտել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, ոչ թե մենք ենք այդ կետերը բացահայտել»։

Խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նախորդ առաջարկներին ծանոթացած Մանուկյանն ասում է՝ փաստաթղթին ծանոթանալուց հետո հաստատվել են իրենց կասկածները, որ իշխանությունը խոսում է նոր Սահմանադրության մասին հենց Ադրբեջանի պահանջով։ Իշխանություններն, ի դեպ, հերքում են սա՝ պնդելով, որ Հայաստանի օրենսդրությունը երկրի ներքին գործն է։

«Առաջին իսկ պահից, երբ խոսեցին նոր Սահմանադրության մասին, մենք ասացինք՝ ժողովո՛ւրդ, սա Հայաստանի Հանրապետության համար չի, Ադրբեջանի պահանջն է՝ Անկախության հռրակագիրը…», - նշեց նա։

Հարցին, թե կա՞ Սահմանադրության մասին ինչ-որ կետ պայմանագրում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. - «Կա, բառացի չի, դրա համար այդ փաստաթղթում եղած դրույթներն իրականում պետք է ամբողջությամբ բովանդակությամբ կարդաս։ Պայմանագրերը դրա համար են։ Միանշանակ {դրա համար է նորն առաջարկվում}, որովհետև այդ փաստաթղթում խոսվում է մի թեզի շուրջ, որը ՀՀ սահմանադրությանն է հակասում, որն ասում է, որ այդ փաստաթուղթն ավելի վեր պետք է լինի, քան Հայաստանի ցանկացած և Ադրբեջանի ցանկացած փաստաթուղթ։ Դա Սահմանադրական դատարանը չէր վավերացնելու՝ ինչ էլ մտածեր՝ եկեք փոխենք Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը հանեն, ադրբեջանցիների ուզածն անենք, ժողովրդին ներկայացնենք՝ բա տեսեք՝ մենք նոր Սահմանադրություն ենք բերել։ Մեր այդ բոլոր ահազանգերը, և իրականում հանրային քննարկում ծավալվեց երկրում, բա ուզում էին մենակ այդ կեղծ քարոզչության, ոսկե սարեր խոստանալու իրենց քաղաքականությամբ մինչև վերջ հաջողեի՞ն։ Չէ, չի լինի այդպես»։

Մերժումից հետո ընդդիմությունը պատրաստավում է դատարանում վիճարկել ԱԳՆ որոշումը։ Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ այն, ինչ իրենք պահանջում են, Արտգործնախարարությունը չի կարող չտրամադրել։

«Կարող են արգելել օրենքով, օրինակ՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, եթե անձնական բնույթի տվյալներ են։ Ես չեմ հարցնում Արարատ Միրզոյանի, որն ապրում է կառավարական դաչեքում, պահարանը որ պատի տակ է դրած, կամ իր տեղակալն ինչ առողջական պատճառով բանակից փախավ։ Ես հարցնում եմ հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթի մասին, և իրենք պարտավոր են տրամադրել մեզ, իմ գործընկերներին։ Քննարկում ենք իրավական, նաև դատական կարգով վիճարկելու այդ ամենը», - ասաց նա։

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն 7 անգամ առաջարկներ են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Հայաստանը հետըթնաց էր տեսել ադրբեջանական վերջին առաջարկներում։ Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հայտարարել՝ արդյոք Բաքվին փոխանցել է իր պատասխան առաջարկները։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել