Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները
16:03 - 20 մարտի, 2024

Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։
Կողմերը քննարկել են ՆԳՆ և ԵԽ գործընկերությամբ համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները և դրանց հաջող ընթացքը։ Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում պաշտոնապես մեկնարկող «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, դրա շրջանակներում «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակմանը, ուժի կիրառման համաչափության ստանդարտներով վերապատրաստումների իրականացմանը, վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ընթացող օրենսդրական և գործնական փոփոխություններին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել գործընկերության ուղղությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել