Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ
 |armenpress.am|
17:05 - 20 մարտի, 2024

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի համար նույնպես քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց, թե ինչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը։

«Դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է՝ Խորհրդային Միության ամենավերջին դե-յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել