armenpress.am: Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։
«Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում:
«Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորականներ և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Նրանք գերության են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։ Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- մանրամասնել է Լոութընը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում դարեր շարունակ:
Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։
«Արդյոք կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյոք կառավարությունը կպահանջի» հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- հայտարարել է Լոութընը։
comment.count (0)