Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը թուրք- ադրբեջանական էներգետիկ համագործակցությանը
16:50 - 22 մարտի, 2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը թուրք- ադրբեջանական էներգետիկ համագործակցությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությանն էներգետիկ ոլորտում։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․

 «Ժնևում ընթացող Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման կարևորության հարցը։ Նշվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացման կարևորությունը։ 

Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։ Մինչդեռ նավթագազային պաշարների հանույթի հետևանքով էկոլոգիական լրջագույն խնդիրներ հարուցող այս համագործակցությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից և արհեստական «մտահոգությունների» հրահրմամբ ձևավորել իրենց համար առավել շահավետ աշխարհաքաղաքական միջավայր։ 

Զուգահեռաբար, Ադրբեջանի «քաղհասարակությունը» (սահմանումն ինքնին զավեշտալի է) բաց նամակներ է հղում Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ղեկավարությանը՝ ուշադրություն հրավիրելով Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի վտանգների վրա և կոչ անելով միջազգային ջանքերով հասնել դրա փակմանը:

Ադրբեջանական իշխանությունները և իրենք իրենց քաղհասարակություն որակած անհատների համախումբը արդյո՞ք ծանոթ են Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների վերջին տարիների հաշվետվություններին, տեղյա՞կ են արդյոք քանի տասնյակ հազար հեկտար է աղտոտված նավթային թափոններով, քանի քաղցկեղածին լիճ կա և ինչպիսինն է վիճակագրությունը բնապահպանորեն հարուցված հիվանդությունների առումով։ Միայն «Թունավոր վայրերի նույնականացման ծրագրի» (Toxic Site Identification Program) շրջանակներում արձանագրվել է Բաքվին հարակից շրջաններում բարձր մակարդակի աղտոտվածությունը նավթամթերքներով, ծանր մետաղներով և այլ վնասակար արտանետումներով, իսկ Սումգայիթի արդյունաբերական քիմիական թափոնների առաջացրած աղտոտվածության մակարդակը ԽՍՀՄ ժամանակաշրջանից մինչ օրս գնալով աճել է։ Եվ նման երկիրը երեսպաշտորեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ցանկացած համագործակցություն, որը միտված է Հայաստանի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը կեղծ մտահոգությունների քողի տակ, քանզի միակ մտահոգությունը, որն Ադրբեջանն ունի դա Հայաստանի զարգացումն է: Հայ փախստականության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի անօտարելի իրավունքի իրացումը գործնական ուղու վրա դնելու փոխարեն Ադրբեջանը զբաղված է տարածաշրջանային կեղծ օրակարգերի ստեղծմամբ, որոնք իրենց ամբողջության մեջ տեղավորվում են հակահայկականության ադրբեջանական ընկալումների և դրանց կիրառականության շրջանակներում»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել